Հանրապետականն այսօր անակնկալներ չմատուցեց։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության քվեարկությունը բարեհաջող տապալվեց։ Այդպես էր ցանկացել ինքը՝ Փաշինյանը՝ կոչ անելով չքվեարկել իր օգտին, որպեսզի եւս մեկ քվեարկության տապալումից հետո Ազգային ժողովը լուծարվի, եւ նշանակվեն արտահերթ ընտրություններ։

Ձեռնպահ են քվեարկել «Ելք» խմբակցության պատգամավորներն ու Հանրապետականի մի քանի դասալիքներ։ Միակ դեմ քվեարկածը գործարար Սամվել Ալեքսանյանն է։ Հանրապետականն ու ՀՅԴ–ն ընդհանրապես չեն քվեարկել։

Չնայած քննարկումը ֆորմալ բնույթ էր կրում, բոլոր ընթացակարգերը պահպանվեցին՝ թեկնածուի ելույթ, հարցուպատասխան, կարծիքների փոխանակում։ Նիկոլ Փաշինյանը 1 ժամից ավելի խոսեց ներքին եւ արտաքին քաղաքական օարակարգային թեմաներով։ Որ թեմաներին էլ չհասցրեց անդրադառնալ, պատասխանեց ավելի ուշ՝ իր թիմակիցների հարցերի միջոցով։ Փաշինյանը տարակուսանք հայտնեց, թե ինչու է Հանրապետականն անընդհատ դավադրությունների գնում, եթե շատ լավ հասկանում է, որ դրանով նվազեցնում է ապագա խորհրդարանում հայտնվելու շանսերը։ Մինչդեռ նոր Ընտրական օրենսգիրքն առաջին հերթին հենց Հանրապետականին է ձեռնտու, որովհետեւ ռեյտինգային համակարգը վերանալու է, իսկ Հանրապետականը ռեյտինգային համակարգով ձայներ ստանալու հնարավորություն այլեւս չունի։ 

Եթե երկու օր առաջ իշխանությունները հայտարարում էին, որ Կապանում իրենց թեկնածուի պարտվելը ծանր չեն տանում, դա համարում են ժողովրդավարության ցուցանիշ, այսօր Փաշինյանը հայտարարեց՝ ընտրությունների նման արդյունքի պատճառն այն է, որ հեղափոխությունը դեռ Սյունիք չի հասել. այնտեղ դեռ լծակներ ունի նախկին իշխանությունների քրեական, քաղաքական եւ բիզնես էլիտան, որոնք էլ կարողացել է ազդել ընտրողների վրա։ 

Փաշինյանն ընդունեց՝ այսօրվա կառավարությունում կադրային խնդիրներ կան, բոլորը չեն, որ հրեշտակ են։ 

Վարչապետի պաշտոնակատարը հերթական նախընտրական ինտրիգը մտցրեց՝ հայտարարելով, որ կա պատգամավոր, որի դեմ աննախադեպ ծավալով կաշառքի փաստեր կան, սակայն, դեռեւս մեղադրանք չեն առաջադրում անհրաժեշտ մեկ փաստաթղթի պատճառով։ Ով է այդ պատգամավորը՝ Փաշինյանը չասաց, միայն ընդգծեց, որ բացահայտվելու դեպքում դա լինելու է Երրորդ Հանրապետության խոշորագույն կաշառքի գործը։ 

Հարցուպատասխանի հատվածում ամենաօրիգինալը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էր։ Նա հիշեցրեց, որ առաջիկա օրերին Հայաստանում տեղի է ունենալու նույնասեռականների համաժողով եւ քայլերթ Երեւանի կենտրոնում։ Փաշինյանին խնդրեց, որ պահպանի ավանդական ընտանիքի ինստիտուտը մեր երկրում։ 

Փաշինյանն անդրադարձավ նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բացատրեց՝ ինչու է պնդում, որ բանակցություններում Արցախի ժողովրդին ներկայացնի Արցախի իշխանությունը։ 

Արարատ Զուրաբյանը հետաքրքրվեց՝ ինչպես է Փաշինյանը տեսնում Շանթ Հարությունյանին ազատ արձակելու եւ Վանո Սիրադեղյանին վերադարձնելու հարցերի լուծումը։ Հարցի երկրորդ մասը Փաշինյանը շրջանցեց։ Շանթի մասով պատասխանեց հումորով։ 

Քվեարկությունից հետո, այնուամենայնիվ, Փաշինյանը ստիպված էր անդրադառնալ Վանո Սիրադեղյանի հարցին։ Ասաց, որ այդ հարցն իրավապահ մարմինների տիրույթում է։ 

Փաշինյանը չբացառեց, որ մեկ շաբաթից կրկին կառաջադրվի վարչապետի պաշտոնում՝ նորից չընտրվելու հույսով։ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակն արտահերթ ընտրություններում գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը։ Արդյոք ցուցակում կլինե՞ն Հանրապետականներ, հետաքրքրվեցին լրագրողները։ 

Ինչու Հանրապետականի գործարար պատգամավորները, որոնք նախապես հայտարարել էին Փաշինյանին աջակցելու մասին, չմասնակցեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քվեարկությանը, ինչի արդյունքում օրինագծի քվեարկությունը տապալվեց։ Փաշինյանն ասաց, որ իր տեղեկություններով, Հանրապետականներն աշխատել են իրենց նախկին գործընկերների հետ, որպեսզի նրանք չգնան քվեարկության։ 

Նշենք, որ երկուշաբթի Ընտրական օրենսգրքի նախագիծը երկրորդ անգամ է դրվելու քվեարկության։ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների պատգամավորներին հաջողվել է դրա համար անհրաժեշտ ստորագրությունները հավաքել։ Արտահերթ նիստում նաեւ կքննարկվի Կառավարության նախաձեռնած մեծ համաներման նախագիծը։ Ի դեպ, այսօր հրապարակվել է համաներման օրինագիծը։ Այն տարածվելու է մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 1–ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած անձանց վրա։ Առանձին կետով համաներում է նախատեսվում նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամների համար, եթե դրա դեմ չառարկեն տուժող կողմերը։ 

Դոլարի վերելքը կանգ չի առնում, իսկ եվրոն էժանացել է շուրջ 3 դրամով։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հոկտեմբերի 24-ին կազմել է 484, եվրոյինը՝ 553, բրիտանական ֆունտինը՝ 626 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքն աննշան նվազել է՝ կազմելով 7.39 դրամ։ 

Հոկտեմբերի 25-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ։ Երեւանում նույնպես սպասվում է անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն։