Երեւանի քաղաքապետարանի հաստիքացուցակում փոփոխություններ կլինեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29–ին Երեւանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Փոփոխություն լինելու է հաստիքացուցակում, եւ օրինակ, եթե նախկինում 7 խորհրդական կար, այժմ ես կարող եմ ունենալ 2 խորհրդական, եւ մյուս խորհրդականների համար նախատեսված աշխատավարձը կտնտեսվի բյուջեում»,-ասաց Հայկ Մարությանը:

Անդրադառնալով նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեղակալներ Կամո Արեյանին եւ Վահե Նիկոյանին, Հայկ Մարությանն ասաց, որ կարեւորում է նրանց  պրոֆեսիոնալիզմը։

«Ես առաջարկել եմ Վահե Նիկոյանին, որպես խորհրդական պաշտոնավարել, սակայն նա հրաժարվել է, բայց միեւնույն ժամանակ ասել է, որ պատրաստ է օժանդակելու ինֆորմացիայի փոխանցման հարցում։

Կամո Արեյանի հետ զրույց կունենաք, եթե նա ցանկանա ընդունել քաղաքապետի խորհրդական լինելու առաջարկը, ապա ես կցանկանամ աշխատել նրա հետ»:

Հարցին, թե եթե նրանք նախկին իշխանության ներկայացուցիչներ չլինեին, ապա նրանք կմնայի՞ն նույն պաշտոնում, Հայկ Մարությանն ասաց.

«Քաղաքական թիմը փոխվել է եւ պետք է փոփոխություն լինի։ Ես պետք է ունենամ մարդիկ, իմ փոխքաղաքապետերը, որոնք տանելու են մեր գիծը կտանեն առաջ։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 29–ի Երեւանի ավագանու արտահերթ նիստում ընտրվեցին Երեւանի քաղաքապետի 4 տեղակալներ։