Համաներման օրենքն այն  օրենքը չէ, որին մենք սկզբունքորեն դեմ լինենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ՀՀԿ–ն քվեարկելու ԱԺ բերված համաներման մասին օրենքի նախագծին։ 

«Դա այն օրենքը չէ, որ մենք սկզբունքորեն դեմ լինենք, պարզապես պետք է հնարավորին բարելավենք»,–ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ կան մի քանի դրույթներ, որոնք պետք է քննարկվեն եւ հստակեցվեն. «Եղել են առաջարկություններ, առաջարկությունները ինտենսիվ քննարկվել են, հիմա առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ պայմանավորվածություն կա, որ այդ հարցերին պետք է անդրադառնանք»։

Պատգամավորը շեշտում է՝ համաներումը պարզապես մարդասիրական չպետք է լինի, կան ձեւակերպումներ, որոնք պետք է հստակեցվեն. «Բավականին հոդվածներ կան, որոնց պետք է անդրադարձ կատարվի, որովհետեւ համաներումը պարզապես չպետք է լինի մարդասիրական, այլ այնպիսին պետք է լինի, որ լուրջ ազդեցություն ունենա, եթե արվում է համաներում։ Կան իրաբանական տեսանկյունից ձեւակերպումներ, որոնք պետք է հստակեցվեն»։

Նշենք, որ այսօր Հայաստանի ԱԺ-ում քննարկվում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախօրեին նախագիծը ՀՀ ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում հավանության է արժանացել:

Նշենք, որ համաներումը կտարածվի Շանթ Հարությունյանի գործի, «Սասնա ծռեր» գործով անցնող մի շարք անձանց վրա: