Վարչապետի պաշտոնը լքելուց 6 ամիս անց Սերժ Սարգսյանը վերջապես դուրս է եկել Կառավարական ամառանոցից։ Նա բնակություն է հաստատելու Ձորաղբյուր գյուղում։ Այս մասին հայտարարել է 3–րդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը։ 

Նոր մեղադրանք Մարտի 1–ի գործով. Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել նախկին քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին եւ դատաձգաբան–փորձագետին։ Վահագն Հարությունյանը մեղադրվում է փորձագետի օգնությամբ Մարտի 1–ի գործով ապացույցների կեղծումը կազմակերպելու մեջ։ Մասնավորապես, ըստ ՀՔԾ հաղորդագրության, նա թաքցրել է Մարտի 1–ի իրադարձություններին Զինված ուժերի մասնակցության եւ հրազեն օգտագործելու հետքերը, եւ  ոստիկանության զորքերից մեկի հրամանատարներից մեկին, որի անունը չի նշվում, հրահանգել է դեպքի վայրում հայտնաբերված 1000 պարկուճները փոխարինել ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի զենքերից կրակված պարկուճներով։ Ոստիկանության մի խումբ ծառայողներ հրամանն իրականացնելու համար գնացել են Արարատի մարզի Գետազատ գյուղում գտնվող մարտական կրակային դաշտ եւ ինքնաձիգերից կրակել պահանջվող քանակությամբ փամփուշտներ, ապա տարել դրանք Հատուկ քննչական ծառայություն եւ հանձնել քննիչին։ Այնուհետեւ փորձաքրեագիտական վարչության փորձագետի օժանդակությամբ դեպքի վայրում հայտնաբերված իրական պարկուճները փոխարինվել են այդ պարկուճներով։ Եվ Վահագն Հարությունյանի, եւ փորձագետի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Քննիչը միջնորդել է կալանավորել նրանց։ Նշենք, որ Վահագն Հարությունյանն այս տարվա հուլիսին էր ազատվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ 

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության ներկայացրած Համաներման մասին նախագիծը։ Այն ներկայացրել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Նա նշել է, որ ընդհանուր առմամբ, համաներման շահառու է շուրջ 6500 անձ։ Մինչ Ազգային ժողովը քննարկում էր նախագիծը, շենքի առաջ բողոքի ակցիա էին անում ցմահ ազատազրկվածների հարազատները։ Նրանք պահանջում էին, որ համաներումը տարածվի նաեւ ցմահ ազատազրկվածների վրա։ Զեյնալյանը, սակայն, հստակ ասել է, որ համաներումը նրանց վրա չի տարածվի, բայց հնարավոր է՝ ցմահ ազատազրկվածների նկատմամբ ցուցաբերվի անհատական մոտեցում եւ լինեն պայմանական վաղակետ ազատման որոշումներ։ 

Նշենք, որ վաղը խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի համաներման օրինագիծը։ Բացի դրանից, վաղը կհրավիրվի հատուկ նիստ՝ վարչապետի երկրորդ ընտրությունը տապալելու նպատակով։ Միակ թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին, չընտրելուց հետո Ազգային ժողովը կլուծարվի, եւ կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Հոկտեմբերի 27–ին նռնակը ձեռքին Կառավարության շենք ներխուժելու փորձ կատարած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ 43–ամյա տղամարդը, որի անունը չի հրապարակվում, կալանավորվել է։ Ըստ ԱԱԾ–ի՝ տղամարդը փորձել էր Կառավարություն մտնել ինքնապայթեցման նպատակով։ 

Թբիլիսիում հաջողությամբ վիրահատության է ենթարկվել Երեւանից տեղափոխված Գրանդի փիղը։ Նրա կոտրված ժանիքը հեռացրել են Հարավային Աֆրիկայից ժամանած մասնագետները։ Վիրահատությունը տեւել է 3 ժամ։ Վեց տոննա կշռող Գրանդը Թբիլիսի էր տեղափոխվել 4 տարի առաջ՝ որպես թբիլիսյան Մալկե փղի փեսացու։ 

Դոլարը շարունակում է աճել։ Հոկտեմբերի 31-ին դոլարի փոխարժեքը կազմել է 486, եվրոյինը՝ 551, բրիտանական ֆունտինը՝ 619 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ՝ 7.40 դրամ։ 

Նոյեմբերի 1-2-ը օդի ջերմաստիճանը Հանրապետությունում կնվազի 5-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում` մինչև 10 աստիճանով: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +4+6, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն: