«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կարծում է, որ անցողիկ շեմից մի քանի անգամ էլ ավելի ձայն կհավաքեն արտահերթ խորհրդարանական ընտրություններում։  NEWS.am-ի հետ հարցազրույցում նա ասաց, որ քննարկում են ընտրություններին դաշինքով կամ միայնակ մասնակցելու հարցը, բայց ՔՊ–ի հետ դաշինք կազմելու քննարկում չունեն։ 

«Լուսավոր Հայաստանը» լքելու եւ ՔՊ–ին միանալու որոշում կայացրած Հայկ Կոնջորյանը, Մարուքյանի խոսքով, իրենց կուսակցության համահիմնադիրներից է։ «Լուսավոր Հայաստանի» գաղափարախոսությունը, շարժման ուղղությունները միասին են գրել։

Կոնջորյանի՝ իր գրած գաղափարախոսությունից հրաժարվելու եւ այլ թիմ մտնելու մասին Մարուքյանն ասաց. «Կուսակցությունը բանտ չէ, մարդիկ այստեղ համախոհության եւ իրար հետ ճանապարհ անցնելու համար են հավաքված, եթե գտնում են, որ իրար հետ ճանապարհ չեն կարող անցնել, այդ մարդիկ հեռանում են, կուսակցությունը իր ճանապարհն ունի եւ շարժվում է առաջ»։

Նա վստահ է, որ սա չի նշանակում, թե իրենց կուսակիցները եւս չեն հավատում «Լուսավոր Հայաստանի» հաջողությանը։ Ասաց՝ փաստեր ունի, որ հազարավոր մարդիկ հույս են կապում հենց իրենց կուսակցության հետ եւ անդամագրվում են։

«Ընտրությունները սարերի հետեւում չեն, արդյունքներով կտեսնենք՝ մեզ հետ հույս կապում են, թե ոչ»,–ասաց Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ Հայկ Կոնջորյանը կուսակցությունը լքելու մասին հայտարարությունը տարածել է հոկտեմբերի 31–ին։