Էդուարդ Շարմազանովը կարծում է՝ ՀՀԿ–ն քարոզարշավը պետք է անցկացնի այնպես, ինչպես Շարմազանովն ու Աշոտյանը իրենց պահել են վերջին 6 ամսում։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը։

Նա հիշեցրեց, որ 21–րդ դարում ՀՀԿ–ն երբեք ընդդիմադիր դիրքերից հանդես չի եկել եւ ոչ սովորական երեւույթ է իրենց ընդդիմադիր լինելը վերջին 6 ամսում։  

«Քարոզարշավը պետք է լինի հստակ մեր քաղաքական գնահատականները հնչեցնելը, եթե կա փաստարկված քննադատություն՝ պատասխանելը եւ ներկայացնելը մեր կարծիքները»,–ասաց Էդուարդ Շարմազանովը։

Ակնկալում է աշխույժ քարոզարշավ՝ կանխատեսելով, որ 4–5 հոգու վրա բեռն ավելի ծանր կլինի. «Բայց սա քաղաքական պայքար է եւ ես չեմ կարծում, որ պետք է նստենք թախտին՝ սպասենք բախտին. քաղաքական գործիչը պետք է պայքարի»։

Քարոզարշավի ընթացքում դաշտը «սեւ ու սպիտակի» բաժանելու միտում Շարմազանովը տեսնում է։ Ասում է՝ եթե կան մարդիկ, որոնք պետք է լինեն սպիտակ, ինքը պատրաստ է լինել սեւ։

«Կա շատ լուրջ հատված, որը չի ընդունում Նիկոլ Փաշինյանին եւ կա շատ լուրջ հատված, որը ընդունում է Նիկոլ Փաշինյանին։ Ես շատ լավ հասկանում եմ՝ ինչու պետք է ընտրել Նիկոլ Փաշինյանին, բայց չեմ հասկանում, թե ինչու չպետք է ընտրել այլ կուսակցությունների. եթե մարդը հեղափոխության կողմնակից  է, ինչո՞ւ չընտրի Նիկոլ Փաշինյանին, այլ «Լույս» դաշինքին եւ մյուսներին, որոնք թեւերը քշտած ծափահարում են Փաշինյանին»,–ասաց Էդուարդ Շարմազանովը։

Պարզաբանեց՝ եթե ՀՀԿ–ն սեւն է, ուրեմն ով համամիտ չէ Նիկոլ Փաշինյանի հետ, պետք է ձայն տա ՀՀԿ–ին եւ հակառակը։