Բարձրագույն դատական խորհրդի Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը վստահեցնում է, որ ինքը տեղեկություններ չունի, թե նախկինում իշխանությունները զանգահարել են դատավորներին։
Այսօր՝ նոյեմբերի 3–ին, խորհրդարանում լրագրողների հարցին, թե դատավորն իրավունք ունի՞ զանգելու ԱԱԾ տնօրենին, Փոլադյանը պատասխանեց. «Այս գործով ընթանում է նախաքննություն, ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով, որի նիստի ժամանակ դատավորն անձամբ իր տեսակետը հայտնել է»։
Փոլադյանը հրաժարվեց մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե այլեւս իշխանությունները չեն զանգելու դատավորներին։ Նա նշեց, որ իր ունեցած տեղեկատվությամբ, նախկինում նման բան չի եղել։ Կարեն Փոլադյանը հիշեցրեց, որ Բարձրագույն դատական խորհուրդն ապրիլի 12-ին կայացրել է որոշում դատավորի գործունեությանը միջամտելու անթույլատրելիության վերաբերյալ. «Եթե դուք նայեք այդ որոշումը, այդտեղ հստակ ուղերձներ են տրված թե այն անձանց, ովքեր զանգում են դատավորներին կամ կարող են զանգել, կամ պիտի զանգեն, կամ չպիտի զանգեն, և այն դատավորներին, որոնք զանգ են ստանում, պետք է տեղեկացնեն Բարձրագույն դատական խորհրդին, որ Բարձրագույն դատական խորհուրդը օրենքով իր լիազորությունների շրջանակներում կոնկրետ գործողություններ իրականացնի։ Սակայն խորհրդի 7 ամսվա գործունեության ընթացքում որևէ նման ահազանգ չի հնչեցվել: Հետևաբար, այս ամենից կարող եմ հետևություն արել, որ որևէ դատավորի որևէ զանգ կամ միջամտություն չի արվել»:
Հարցին, թե հեղափոխությունից հետո ինչ է փոխվել դատական համակարգում, Փոլադյանը պատասխանեց. «Իմ կարծիքով արվել են որոշակի հետևություններ, և փոփոխությունները հանրությունը շատ շուտով կզգա»։
Թե ինչ հետեւությունների մասին է խոսքը, Փոլադյանը հրաժարվեց հայտնել։











