Աշնանը Արարատյան դաշտում սովորական են քամին և անձրևը: Ճանապարհից աջ դաշտեր են, որտեղ աճել են բարձր դեղին մոլախոտերը, տեղ-տեղ երեւում են սահմանային աշտարակներ։ Դաշտերից այն կողմ Թուրքիան է (ֆոտոռեպորտաժ)։

«Այսպիսի անձրեւային, քամոտ գիշերով ծառայելը սահմանապահների համար հեշտ չէ։ Կոնկրետ անցած գիշեր սահմանը վերահսկող սարքերի մոտ 40 ահազանգ է եղել»,- պատմում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ ՍՎ Արտաշատի սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Յուրի Ուրվանովը։ Սահմանը հսկում են նաև ծառայողական շները. Յուրի Գրիգորեւիչը ցույց տվեց կինոլոգների կենտրոնը եւ պատմեց նրանց գործունեության մասին։

Շնաբուծարանը տեղակայված է «Արտաշատ» սահմանակետում։ Արտաշատի սահմանապահ ջոկատի յուրաքանչյուր ստորաբաժանման մեջ կան կինոլոգներ, իսկ սահմանապահ ջոկատում ծառայում է 40 շուն, «որոնք բոլորը համապատասխան պատրաստություն են անցել»,- պատմում է Յուրի Ուրվանովը։

Շնաբուծարանը նոր է, ստեղծվել է անցյալ տարի։ Հիմա այն համալրված է արեւելաեվրոպական եւ բելգիական հովվաշներով. նրանց հետ ծառայում է նաև ՀեյթՌայվեն դժվար անունով հոլանդական հովվաշունը, որ միակն է Հայաստանում եւ տարածաշրջանում։

Նա դեռ 4 ամսական է, եկել է Մոսկվայից, մյուս ծառայակից շները Սանկտ Պետերբուրգի շնաբուծարաններից են։ Վանդակներից մեկում բելգիական հովվաշուն Դունայն է։ Հենց Դունայն է հոկտեմբերի 15-ին բռնել սահմանը խախտողին։

Արդեն ծառայողական շների բուծման թույլտվություն կա, եւ առաջին սերունդը սպասվում է հաջորդ տարի։ «Եթե աշխատանքը առաջ ընթանա, ծրագրում ենք ոչ միայն մեր ջոկատի ստորաբաժանումներին, այլեւ ողջ Սահմանապահ վարչությանը վարժեցրած շներով ապահովել։ Այժմ շնաբուծարանի բազայի վրա գործնականում բոլորը վերապատրաստում են անցել, բոլոր զինծառայող կինոլոգները։ Վերապատրաստումը որակով էր կազմակերպված՝ չնայած, որ դրությունը բավականին բարդ էր.  այդ ընթացքում բռնվել են պետական սահմանի ավելի շատ թվով խախտողներ։ Այնուամենայնիվ, մենք բոլորս հասկանում ենք, որ առանց կինոլոգիական ծառայության մասնագետների եւ նրանց առաջին օգնականների՝ ծառայողական շների, այս խնդիրը որակով լուծել հնարավոր չէ։ Այդ պատճառով նրանց վարժեցումն այսքան մեծ ուշադրության է արժանանում ոչ միայն ջոկատի, այլեւ ողջ Սահմանապահ վարչության ղեկավարության կողմից»,- պարզաբանեց Արտաշատի սահմանապահ ջոկատի պետը։

Ուրվանովի խոսքով՝ վերջին մեկ տարում սահմանախախտների մեծ մասին բռնել են ծառայողական շների օգնությամբ։ Շնաբուծարանը հագեցած է վարժեցնողների եւ շների վարժանքների համար հատուկ հրապարակով, ոուսումնական մասով, գրականությամբ։ Ջոկատի զինծառայողներից մեկը կինոլոգիայի մասին մեթոդական գրքի համահեղինակներից է։

Հատուկ հանդերձանքների թվում կա նաև GPS վզնոց եւ հաղորդիչ, որպեսզի որոնումների ժամանակ հետեւեն շան տեղաշարժին։

Ծառայողական շների հնարավորությունները 7 տարուց նվազում են։ Այժմ նրանց մեծ մասը 5 տարեկան է, որն ամենաարդյունավետ տարիքն է։ 7 տարի հետո շները վաստակած հանգստի են անցնում և հիմնականում տեղափոխվում իրենց վարժեցնողների տուն։

Որպեսզի NEWS.am-ի ընթերցողները օրինակով պատկերացնեն վարժեցնողների եւ նրանց չորքոտանի օգնականների աշխատանքը, ցուցադրվում է պայմանական սահմանախախտին բռնելու գործողություն (վարժանք)։

Քաղաքացիական հագուստով անհայտ անձը հաղթահարում է ազդանշանային համակարգը, այն միանում է, եւ ուղեկալում հնչում է ազդանշանը։ Դեպքի վայրին է մոտենում տագնապային խումբը, որի կազմում սահմանապահն ու ծառայողական շունն են։ Դունայը հետքով սլանում է դեպի բարձր խոտերի մեջ թաքնված «սահմանախախտը»։ Հասկանալով, որ չի կարող աննկատ մնալ՝ «սահմանախախտը» փորձում է վազելով փախչել, ընթացքում նաեւ կրակում է։ Վազք, թռիչք, եւ շունը բռնում է նրան։

«Շունը կրակոցներին ուշադրություն չի դարձնում։ Դա բելգիական հովվաշների առանձնահատկությունն է՝ հրամանը կատարել ոչնչի ուշադրություն չդարձնելով։ Այդ պատճառով նրանց նաեւ ռոբոտ-շներ են անվանում»,- նշեց Ուրվանովը։

Դունայի վարժեցնող, ավագ սերժանտ Յուրի Բախշյանը ավելի քան 18 տարի ծառայում է սահմանին, եւ այդքան էլ աշխատում է ծառայողական շների հետ։ «Հանգստյան օրերին Դունային տուն կտանեմ։ Նա ընտանիքիս հետ էլ է մտերմացել»,- ասում է Բախշյանը։

«Շահումյան» ուղեկալը, որի տարածքում կալանավորվեց պայմանական խախտողը, հիմնադրվել է 1986թ․։ Սահմանապահ ծառայության 100-ամյա հոբելյանին ուղեկալում հավաքվել էին այստեղ ծառայած վետերանները։ 21 վետերաններ եկել էին նախկին ԽՍՀՄ-ի տարբեր երկրներից։

Հյուրերի խնդրանքով նրանք մասնակցեցին սահմանապահ ուղեկալի ռազմական հաշվարկին (գործող զինծառայեղների հետ՝ մի շարքում)։ «Շատ հուզիչ պահ էր և՛ վետերանների, և՛ երիտասարդ զինծառայողների համար։ Ուղեկալը միայն ծառայության վայր չէ, ուղեկալը ընտանիք է»,- ընդգծեց սահմանային ջոկատի հրամանատարը։

Վերջում մի գաղտնիք՝ սահմանապահներից։ Ուղեկալի շենքի ամենաերեւացող մասում էլեկտրոնային ցուցանակ կա՝ թվերով։ Չտեղեկացված հյուրերը կարծում են՝ ժամացույց է, ետ ընկած սլաքներով՝ ցերեկը գիշերային ժամանակն է ցույց տալիս։ Իրականում, ժամացույց չէ՝ այն հատվածն է, որտեղ աշխատել է տագնապային ազդանշանը։ Սահմանի հատվածը, որտեղ գիշեր թե ցերեկ, ցրտին թե շոգին, ծառայում են սահմանապահները՝ պաշտպանելով Հայաստանի հանգիստն ու անվտանգությունը։