«Քաղաքացիական պայմանագրին» անդամակցելու համար ձեւավորված մեծ հերթերի մասին խոսակցությունները լեգենդներ չեն, իրականություն են, մենք լուրջ ֆիլտրեր ենք սահմանել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։
«Մենք շատ լուրջ ֆիլտրեր ենք դրել, որովհետեւ անմիջապես հեղափոխությունից հետո հազարներով սկսեցին անգամակցել ՔՊ-ին»,-նշեց նա։
Արայիկ Հարությունյանը մանրամասնեց, թե ինչ ֆիլտրե են, մասնավորապես, նկատի առնվում․ «Դրանք են՝ մասնակցությունը ՔՊ գործունեությանը, թեկուզ ոչ կուսակցության անդամ, մասնակցությունը վերջին քաղաքական պրոցեսներին։ Այս ամեն ինչը հանգեցնում է նրան, որ ավելի հեշտանում է անդամագրման պրոցեսը»։
ՔՊ-ական նախարարի պաշտոնակատարը հավաստիացրեց՝ ճամբարափոխներին ՔՊ ընդունելու դեպքում եւս այդ ֆիլտրերը աշխատում են, ընդ որում՝ շատ խիստ ֆիլտրեր են, սակայն նա հրաժարվեց ասվածը վերագրել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերջերս լքած Հայկ Կոնջորյանին․ «Հայկ Կոնջորյանի հետ մենք համագործակցության երկար ճանապարհ ենք անցել։ Մենք նախկինում էլ, հիմա էլ նույն ուղղությամբ ենք ընթանում»։
Հարցին՝ ավելի վաղ հայտարարված ՀՀԿ-ական չորս հոգին, որոնք ներգարվված են լինելու ՔՊ ընտրացուցակում, այդ ֆիլտրով եւս անցել են, Արայիկ Հարությունյանը պատասխանեց․ «Այդ դեպքում հաշվի են առնվում տարբեր գործոններ, այդ թվում՝ պրոֆեսիոնալիզմը»։











