Ես վստահ եմ, որ հանրային հեռուստաընկերությունն իր գործառույթներում չի թերացել և անօրինական գործողություններ չի կատարել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը՝ անդրադառնալով ամռանը հեռուստաընկերությունում հայտնաբերված ենթադրյալ չարաշահումների փաստին։
Հարցին, թե ինչո՞ւ իրեն հեղափոխությունից հետո աշխատանքից չազատեցին, Գրիգորյանն ասաց.
«Ինձ չազատեցին աշխատանքից, որովհետև գտան, որ ես աշխատում եմ նորմալ, նորմալ իրականացնում եմ Հանրային հեռուստաընկերության վարչարարությունը»։
Նա հերքեց այն լուրերը, թե հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ և «լուծել իր հարցերը»։
«Պարոն Փաշինյանի հետ մեկ անգամ եմ հանդիպել՝ հանրային ռադիոխորհրդի հետ կապված քննարկման ժամանակ»,– ասաց նա։
Անդրադառնալով կադրային հնարավոր փոփոխություններին նա ասաց, որ իր ենթականերին չի ազատելու աշխատանքից, քանի որ շատ լավ են աշխատում։
Հիշեցնենք, որ դեռևս 2018թ. հուլիսին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում առերևույթ չարաշահումների փաստերով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեկան գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին (առանձնապես խոշոր չափերի յուրացում) կետի, 214-րդ հոդվածի 2-րդ (կազմակերպության ծառայողների կողմից իրենց լիազորությունները չարաշահելը) մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի(մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը) հատկանիշներով։
Կատարված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցները ոչ նպատակային են ծախսվել։











