Վրաստանի խորհրդարանի անդամների մեծ մասը կոնկրետ բացատրություն չունի, թե ինչու է երկրում փակվել Իսրայելի դեսպանատունը:

Ըստ Վրաստանի անվտանգության կոմիտեի նախագահ Գիվի Թարգամաձեի, Իսրայելի նման որոշումը, ինչպես նաեւ որոշումը, որով Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը մտցվել են Իսրայելի քաղաքացիների համար վտանգավոր համարվող երկրների ցանկի մեջ, կապված է Իրանին տարածքով մոտ գտնվելու հետ: Այս մասին հաղորդում է վրացական ‹‹Ինտերպրեսնյուզ›› գործակալությունը:

Վրացի քաղաքական գործիչը բացառում է այն հանգամանքը, որ Իսրայելն այդ որոշումը կայացրել է Վրաստանում հրեա գործարարների ձերբակալության հետ կապված:

«Այս ամենը ինչ-ր լուրջ ծրագրի նախաբան է, եւ ոչ թե պետությունների միջեւ քննարկվող հարց»,-ընդգծել է Թարգամաձեն:

Նշենք, որ Իսրայելի դեսպանատունը Վրաստանում մեկ շաբաթ է, ինչ չի գործում: Ինչպես նշում են հրեական  լրատվամիջոցները, Թել-Ավիվը Վրաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում փակել է դեսպանատները ահաբեկչության վտանգը կանխելու համար: Չնայած, Վրաստանի ԱԳ նախարարության հավաստիացմամբ, դեսպանատունը դադարել է գործել տեխնիկական խնդիրների պատճառով, եւ այն կսկսի գործել երկուշաբթի օրվանից, սովորական ռեժիմով: