ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հաստատել է ապամիջուկայնացման, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման եւ Հարավային Կորեայի հետ համագործակցելու իր ձգտումը:

Հյուսիսային Կորեայի ղեկավարը ամանորյա տեսաուղերձում հայտարարել է ցանկացած ժամանակ ԱՄՆ հետ նոր գագաթաժողով անցկացնելու պատրաստակամության մասին, բայց զգուշացրել, որ երկրի ուղղվածությունը կարող է վերանայվել, եթե Վաշինգթոնը շատ երկար ժամանակ փորձի Փհենյանի համբերությունը:

«Ես պատրաստ եմ ցանկացած ժամանակ նորից ԱՄՆ նախագահի հետ բանակցային սեղանի շուրջ նստել, ջանքեր գործադրել արդյունքների հասնելու համար, որոնք միջազգային հանրությունը կողջուներ», - ասել է Կիմ Չեն Ընը:

«Եթե ԱՄՆ-ն չկատարի իր խոստումները եւ մեր համբերությունը փորձելով միակողմանի պահանջներ ներկայացնի եւ մեզ պատժամիջոցներով ճնշի,  մենք այլ տարբերակ չենք ունենա, քան այլ ճանապարհով գնալը », - ընդգծել է նա:

Մասնավորապես Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ին կոչ է արել ընդունել Կորեական թերակղզում ապամիջուկայնացման հանդիպական միջոցները, որոնց վերաբերյալ 2018-ին Սինգապուրում նա պայմանավորվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Հյուսիսային Կորեայի ղեկավարը ԱՄՆ-ին կոչ է արել ռազմավարական սպառազինությունները Հարավային Կորեա չտեղափոխել եւ ԿԺԴՀ դեմ ուղղված զորավարժություններ չանցկացնել:

ԿԺԴՀ-ն արդեն բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ից Փհենյանի հանդեպ թշնամանքի դադարեցում եւ խաղաղության մասին պայմանագրի կնքում է սպասում:

Ամանորի կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձում Կիմ Չեն Ընը ողջունել է Հարավային Կորեայի բնակիչներին՝ նշելով, որ 2018-ին գրանցված հաշտության միտումը տեղի է ունեցել երկրի ղեկավար Մուն Չժե Ինի հետ իր մի քանի հանդիպումների շնորհիվ:

Միեւնույն ժամանակ, նա պատրաստակամություն է հայտնել Հարավային Կորեայի տեխնոպարկի աշխատանքի եւ «Ադամանդյա լեռներ» զբոսաշրջային նախագծի` Կումգանսանի վերսկսման համար: Այս նախագծերը սառեցվել էին միջկորեական հարաբերությունների վատթարացման ժամանակ, մինչեւ որ 2017 թ. Սեուլում իշխանության եկավ Մուն Չժե Ինը: