Թաիլանդի թագավոր Մախա Վաչիրալոնգկոնի (Ռամա X) թագադրման պաշտոնական արարողությունը, որը 2016-ին ժառանգել է գահը, տեղի կունենա այս տարվա մայիսի 4-ից 6-ը, հաղորդում է Bangkok Post-ը՝ հղում անելով Թաիլանդի թագավորական պալատի բյուրոյին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Արարողության առաջին օրը թագավորը թագավորական ընտանիքի անդամներին, երկրի գաղտնի խորհրդի անդամներին, կառավարության ներկայացուցիչներին եւ բարձրաստիճան պաշտոնյաներին աուդենցիա կտա: Հաջորդ օրը միապետը կմասնակցի Բանգկոկի թագավորական շքերթին:

Արարողության վերջին օրը Վաչիրալոնգկոնը, սպասվում է, որ դիվանագետների հետ կհանդիպի եւ տոնակատարությունների ընթացքում հանրության առջեւ կներկայանա Մեծ պալատի պատշգամբում:

66-ամյա Մախա Վաչիրալոնգկոն Բոդինտխարատխեպպխայարանգկունը (Ռամա X) 2016-ին  հոր՝ թագավոր Պխումիպխոն Ադուլյադետայի մահից հետո, որը 70 տարի(1946-2016) թագավորում էր երկրում, ժառանգել էր գահը:

2016-ին նոր միապետի հանդիսավոր թագադրումը, որը թագավորի մահվան կապակցությամբ հետաձգվել էր, դեռ չի անցկացվել:

Թաիլանդում ավանդույթի համաձայն՝ թագադրումն անցկացվում է գահը ժառանգելուց հետո որոշ ժամանակ անց, երբեմն մի քանի ամիս կամ մի քանի տարի անց: Թագավորի հայրն օրինակ գահը ժառանգել էր 1946-ին, սակայն թագադրվել էր միայն 1950-ին: