Ազգային Ժողովն այսօր քննարկեց հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը՝  ԲՀԿ-ԼՀԿ պայքարի նոր սրացումներով։ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանը աղմկոտ դեպքեր հիշեց մի քանի դեսպաններից, օրինակ՝ որ Ուկրանիայի նախկին դեսպանը՝ Անդրանիկ Մանուկյանը, դիվանագիտական համարանիշներ է վաճառել հայ քրեականներին։

Բաբաջանյանի ելույթի ժամանակ Մանուկյանի ԲՀԿ-ական որդին դուրս եկավ դահլիճից, իսկ նույն խմբակցությունից Արման Աբովյանը, որ երկու տարի եղել է Մանուկյանի օգնականը, ինչպես հետո պատմեց լրագրողներին՝ շոկի մեջ էր։ 

Նրա ելույթի ժամանակ նույն թեմայով վեճ պայթեց դահլիճում, Էդմոն Մարուքյանը եւ ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը ոտքի ելան եւ սկսեցին բղավել իրար վրա։ 

Ավելի շոկային էր «Իմ քայլը» դաշինքից Հայկ Կոնջորյանի ելույթը․ նա ամբիոնից հարեւան Իրանը հայտարարեց ավտորիտար երկիր ։ Հետո լրագրողների հետ զրույցում պարզվեց լեզուն է սայթաքել։ Կոնջորյանն ուղղեց իրեն։ 

Պետական եկամուտների կոմիտեում զանգվածային կրճատումներ են սկսվել․ 128 աշխատակից է ազատվել աշխատանքից, եւ սա, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, միայն սկիզբն է։ «Կենտրոնացվել է ստուգումների գործառույթը, որի արդյունքում կատարվել է աշխատակազմի օպտիմիզացիա»,- նշեց Անանյանը։ 586 աշխատակից ծանուցվել էր կառուցվածքային բարեփոխումների եւ հնարավոր կրճատումների մասին։ Ամեն աշխատակցի վերաբերյալ կայացվել է առանձին կոլեգիալ որոշում, գնահատվել են յուրաքանչյուրի կարողությունները, ի վերջո 128-ից հրաժարվել են։ 

Նարեկ Սարգսյանը՝ երրորդ նախագահի եղբորոդին, կեղծանունը՝ Ֆրանկլին Գոնսալես, ոչ մի դժգոհություն չունի, պահվում է ընտիր պայմաններում։ Պրահայում ձերբակալված եղբոր վիճակը այսպես դրական ներկայացրեց Հայկ Սարգսյանը։ 

Ողբերգական դեպք Երևանում։ Այսօր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 6 ամսական երեխա։ Հիվանդանոց երեխան բերվել է Աշտարակ քաղաքից, ծայրահեղ ծանր վիճակով, բոլոր վերջույթները՝ կաթվածահար: Նրան միացրել են արհեստական շնչառության: Ախտորոշվել է գլխուղեղի և ողնուղեղի բորբոքում, բուժման փորձը, սակայն, եղել է ոչ արդյունավետ․ կեսգիշեր անց երեխան մահացել է։ 

Երևանի Վաղարշյան 1 հասցեում հարևանները ծեծել են իրար, ով ինչով պատահի՝  դանակով, մուրճով, ձեռքով ու ոտքով վնասվածքներ են պատճառել միմյանց, իսկ Արթուր Սարգսյանը գազային ատրճանակով կրակոցներ է արձակել։ Եվ այս ամենը մեքենան կայանելու պատճառով։ Հարևաններին ոստիկանները բերման են ենթարկել․ քննություն է ընթանում։ 

Դոլարի փոխարժեքը այսօր գրեթե անփոփոխ է,  կազմել է 486 դրամ, եվրոն 555 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 626, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 29 դրամ: 

Հայաստանում հունվարի 17-ին սպասվում է ձյուն եւ մառախուղ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 5-6 աստիճանով: Երեւանում ձյուն կգա։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է -1+1, վաղը ցերեկը՝ -1+1: