ԵԱՏՄ նախագահությունը Ռուսաստանից փոխանցվեց Հայաստանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Մոսկվայում է, նախագահությունը ստանձնելու առիթով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում նա ելույթ ունեցավ , ապա պատասխանեց լրագրողների հարցերին։ Ալիեւի հետ վերջին հանդիպման մասին ասաց իրենք ոչ մի արդյունք չեն ակնկալել, դա բանակցություն չէր, այլ ոչ պաշտոնական շփում, ընդ որում՝ ինքը խոսել է միայն Հայաստանի անունից։
Արտաքին քաղաքականության մասին կրկնեց, որ կտրուկ շրջադարձը չի կարող որեւէ օգտակար բան տալ , հիշեց ԵԱՏՄ-ին անդամակցելու դեմ իր նախկին դիրքորոշումը, երբ ընդդիմադիր էր, այսօր, արդեն՝ որպես վարչապետ՝ կարծում է, որ եթե սխալ էր, ապա շտկելու համար հակառակ քայլեր անհրաժեշտ չեն։
Այնուհետեւ, Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևի հետ, քննարկման օրակարգում հիմնականում եղել են տնտեսական հարցեր։ Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպումը կայացել է հայկական կողմի խնդրանքով։
Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից ։ Բժիշկները նոր կոնսիլիում են արել և եզրակացրել, որ Մայրապետյանի բուժումը հնարավոր չէ կազմակերպել Հայաստանում։ Քննչականը սակայն պահանջել է հայտնի անձանց երաշխավորություն եւ գրավ․ գործարարի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը եւ կաթողիկոսի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը․ նրանիցից յուրաքանչյուրը վճարել է 15 միլիոն դրամ : NEWS.am-ին Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը հայտնեց, որ իր պաշտպանյալն անհապաղ կմեկնի Գերմանիա՝ այնտեղ բուժվելու նպատակով։
ՎՃռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքը: Փաստաբանը վիճարկում էր առաջին ատյանի վճիռը, որով թույլատրելի էր համարվել Խաչատուրովի նկատմամբ կալանքի կիրառումը ։ Այս մերժումից հետո Յուրի Խաչատուրովը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Աշխատանքից զրկվելու վտանգը հասավ Երևանի պետական համալսարան։ Այսօր համալսարանական մոտ երկու հարյուր գիտաշխատող հավաքվել էին՝ քննարկելու կառավարության ներկայացրած նոր օրենքը, որով բազային ֆինանսավորումը նախատեսվում է դարձնել մրցութային, այսինքն՝ գիտաշխատողները պետք է մրցեն աշխատավարձ ստանալու համար։ Նրանք որոշեցին ստորագրահավաք անել եւ դիմել վարչապետին, որպեսզի պահպանվի գործող կարգը։
Դոլարի փոխարժեքը կայուն է, այսօր կազմել է 485 դրամ, եվրոն մոտ 1 դրամով էժանացել է, 550 դրամ է, բրիտանական ֆունտը 635 դրամ է, ռուսական ռուբլին՝ 7 ու 34 դրամ։
Հայաստանում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կշարունակի աստիճանաբար բարձրանալ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +7+9։











