Հայաստանի կողմից Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկվող խմբի հետ կապված բոլոր կողմերը այս կամ այն ձեւով հայտնել են իրենց տեսակետները: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը:

Նա նկատեց, որ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը եւս նշել է, որ ինքն այդ հարցը կներկայացնի ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն ուղղակի ձեւով ներգրավված չէ Սիրիայում գործողություններում, հետեւաբար ՆԱՏՕ-ն այդ հարցը նույնիսկ չի էլ քննարկում:

«Նույնիսկ ԱՄՆ պետքարտուղարությունն է հայտարարություն տարածել, որտեղ նշված է, որ պետդեպը հասկանում է, որ իրենց բնութագրմամբ, քրիստոնեական համայնքը Սիրիայում իրոք վտանգված է: Պարզ է, որ նկատի ունեն հայ համայնքը եւ նրանք բնական են համարում, որ Հայաստանը մտահոգված է հայ համայնքի իրավիճակով եւ նաեւ հասկանում են, որ այդպիսի մարդասիրական առաքելություն կարող է իրականացնել: Իհարկե, մեզ հորդորում են, որ մարդասիրական մեր առաքելությունը չօգտագործվի ռազմական ուժերի կողմից, որոնք առկա են տարածաշրջանում:

Իհարկե, մենք մեր կողմից առաջինն ենք շահագրգռված, որ որեւէ ռազմական ուժեր չփորձեն խաթարել զուտ մարդասիրական առաքելությունը»,-ընդգծեց Իգիթյանը: