Հանրապետությունում գործող գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցներ, որոնք այսօր՝ մարտի 14-ին, վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց, պահանջում են հանդիպում Կառավարության անդամների հետ։

Լրագրողների հետ զրույցում գրավատների ներկայացուցիչները նշեցին, որ պարզապես աբսուրդ է նման պետտուրքի սահմանումը։

«Ժամանակին խելամիտ հաշվարկ են արել, որ նման տուրք էին սահմանել։ Մենք հանդիպում ենք պահանջում, որ փաստարկները ներկայացնենք, ընդամենը հանդիպում ենք ուզում նախարարի կամ մեկ էլ պատասխանատու անձի հետ։ Մենք մեր գրավատները չենք պատրաստվում, մեր ձայնը եթե հասնի վարչապետին, նման որոշում չի ընդունվի, վստահ ենք»,- ասաց գրավատներից մեկի ներկայացուցիչը։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները, ըստ որոնց 60 անգամ, այն է՝ 6000 տոկոսով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք։

«Խելքին մոտիկ թիվ չի, ես չեմ պատկերացնում ուղղակի։ Լուծումներ ստացողները եկան, նստեցին իրենց տեղը, նորից նույն բաներն են անում, հլը ավելի վատ են անում, հին դպրոցն ա, ուղղակի ուրիշի ձեռով շարունակում ա ինչ-որ բաներ, որոնք եղել են մինչեւ հեղափոխությունը, նույն բաներն ա կատարվում, հլը մի բան էլ ավելի վատ ու կոպիտ»,- ասաց ակցիայի մասնակիցներից Արտակ Պողոսյանը։