Երեկվա ոչ պաշտոնական լուրը հաստատվեց․ վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ին կմեկնի Վիեննա, հաջորդ օրը՝ 29-ին՝ սպասվում է նրա եւ Ալիեւի հանդիպումը։
Ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Գիտությունն անկախությունից ի վեր եւ հատկապես ակադեմիական գիտությունը ապրում է համարյա նվազագույն աշխատավարձով, եւ բոլոր իշխանություններից գիտաշխատողների գլխավոր ու կայուն ակնկալիքը եղել է տանելի ֆինանսավորումը։ Փաշինյանը այս խնդիրը ե՛ւ շոշափեց, ե՛ւ շրջանցեց՝ առաջարկելով փողը չդնել ծրագրերի հիմքում։ Իսկ ինչ է ուզում պետությունը գիտությունից․ Փաշինյանը ձեւակերպեց՝ կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես տեխնոլոգիական երկիր եւ հույս ունի, որ գիտությունը ողջ թափով կսպասարկի քաղաքական այս տեսլականը։ Այսինքն, առավելագույն թափ՝ նախկին նվազագույն աշխատավարձով։
Նոր Հայաստանում տեղ չունեցող ռեկտորների մասին Փաշինյանի երեկվա հայտարարության մեջ անուններ չկային, բայց ըստ կրթության նախարարի՝ շատ հստակ մատնանշվեց՝ ում մասին է խոսքը, իշխանության աջակցությունը չվայելող, բայց համառող ռեկտորը Արամ Սիմոնյանն է։
Արամ Սիմոնյանը վարչապետի հայտարությունը չմեկնաբանեց, այնուամենայնիվ ուսանողների առաջ դռներ փակող ռեկտորների շարքում նա իրեն չի տեսնում։
Վարչապետի քաղաքական որոշմանը Էդմոն Մարուքյանը համաձայն է, բուհերը պետք է ազատել քաղաքականությունից, բայց նաեւ ՔՊ-ականների ներկայությունից, ինքը տվյալներ ունի, որ նոր ձեւավորվող խորհուրդներում քպ-ականներ են ընդգրկվել, ասաց՝ վարչապետի խոսքը պետք է կատարել, եւ թող այդ մարդիկ դուրս գան բուհերի խորհուրդներից։
Խորհրդարանն այսօր փոխել է «Գովազդի մասին» օրենքը, այսուհետեւ կարգելվի գրագողության գովազդը, հայտնի որպես՝ կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառք։ «Իմ քայլի» պատգամավորը ամբիոնին էր մոտեցել թարմ տվյալներով, քիչ առաջ ուսանողի ձայնով խոսել էր կուրսային գրող կայքի հետ, ծանոթացել 10 օրում պատրաստի աշխատանք ունենալու գներին։
Ավշար գյուղի դպրոցը հաղթեց, ուսուցիչների, ծնողների պահանջած հրաժարականի դիմումը այսօր ստորագրեց տնօրեն Հերմինե Անդրեասյանը։ Պարզաբանման մեջ տիկինը գրել է՝ «ինձ համար իմ ապագա երեխայի առողջությունը շատ կարեւոր է, իսկ ձեւավորված ատելության մթնոլորտի պայմաններում իմ հետագա պաշտոնավարումը կարող է վտանգավոր լինել նրա առողջության համար»։
Իսկ Զարթոնքի գյուղապետը չի զիջում, նրա հրաժարականը պահանջող գյուղացիները եւս, այսօր նրանք իրենց բողոքը արտահայտել են՝ փակելով Երեւան-Գյումրի երկաթգիծը, մեծ ու փոքրով նստել էին ռելսերին՝ գնացքի առաջ։ Այժմ, երկաթգիծը բաց է, գյուղացիները դժգոհության նոր ակցիաներ կանեն, բայց ռելսերից հեռու։
Գոլանի բարձունքներին արդեն երկուշաբթի օրվանից Իսրայելը իշխում է Վաշինգտոնի բացահայտ աջակցությամբ, նախագահ Թրամփը ճանաչել է Իսրայելի իրավազորությունը այդ տարածքում։ Դատապարտող հայտարարություններ են հնչել Ռուսաստանից, Չինաստանից, Իրանից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից, Կատարից, Լիբանանից։ Սիրայի գրեթե բոլոր քաղաքներում հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անում։
Դոլարի փոխարժեքն աճել է, այսօր կազմել է 486 դրամ, եվրոն 550 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 641, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 56 դրամ:
Մարտի 27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +11+13։











