Խորհրդարանն այսօր մի քանի օրենք ընդունեց երկրորդ ընթերցմամբ։ Մարտի 1-ին զոհվածների ընտանիքներին, նաեւ ծանր եւ միջին ծանրության վնասվածքներ ստացած քաղաքացիներին փոխհատուցում կտրվի, թե որքան, դեռ պարզ չէ, կառավարությունն է որոշելու չափը։ Փոխվեց նաեւ Հայաստանի ընդերքի մասին օրենքը՝ հանքերի իրական սեփաականատերերին բացահայտելկու նպատակով։ Այս երկու նախագծերն ընդունվեցին միաձայն։
Խորհրդարանի նիստը շուտով ավարտվեց եւ «Բարգավաճ Հայաստանից» երկու պատգամավոր՝ Զոհրաբյանն ու Մելքումյանը, շտապեցին քաղաքապետարան, որտեղ նիստ էր անում ավագանին ։ Այստեղ օրակարգից դուրս մի քանի ուշագրավ դրվագ եղավ։ ԲՀԿ-ի ներկայացուցչին դուր չէր եկել «Իմ քայլի» ակտիվությունը սոցցանցերում, հորդորեց ընտրել՝ կամ ֆեյեսբուք կամ մանդատ ։
Մինչ այսպես կոռեկտության կոչեր էր անում, նրա թիմակիցը անցավ այդ սահմանը։ Արմեն Ներսիսիյանը տեղից մեկին ասաց՝ «Ապե, հլը դուրս արի», պարզվեց «ապեն» «Իմ քայլից» Վազգեն Գաբրիելյանն է։ Միջանցքում արդեն լրագրողներին բացատրեց՝ իրեն երկար էր նայել, ինքն էլ բարկացել էր։ Իսկ դուրս էր կանչում, պարզվեց, անմեղ նպատակով՝ միասին ծխելու ։
Օրակարգային հարցերն էլ վեճեր բորբոքեցին։ Քաղաքապետարնը հույսը կտրել է «Սանիթեքից», ուզում է հիմնարկ ստեղծել ու զբաղվել աղբահանությամբ։ «Լույս» խմբակցությունից փորձեցին հասկանալ՝ ինչ էր քաղաքապետը ամիսներ շարունակ բանակցում «Սանիթեքի» հետ։ Որոշումն այնուամենայնիվ ընդունվեց, կստեղծվի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ, որպեսզի քղաքն իր աղբը ինքնքւորւյն հավաքի ։
Այս օրը մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է պատմել, թե ինչպես են Կարեն Կարապետյանի միջոցով բանակցել հրաժարականի ժամկետի շուրջ եւ մերժել հետաձգման որեւէ տարբերակ ։ Արմեն Աշոտյանն էլ հակառակ հիշողությունը հրապարակեց՝ Միրզոյանի պատմածն անվանելով հերթական առասպել, ըստ նրա՝ մինչ Կարեն Կրապետյանի հանդիպումը նրանց հետ, Սերժ Սարգսյանն արդեն կայացրել էր իր հրաժարականի որոշումը:
ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը 40 օր կալանավորված կմնա Ռուսաստանում։ Այսօր հայտնի դարձավ, որ ՌԴ դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ Հայաստանին հանձնելու հարցը քննարկելու նպատակով:
ԱԱԾ աշխատակիցները անսպասելի մտել են Քրեակատարողական հիմնարկ եւ խուզարկել խցերը։ Ըստ օպերատիվ տվյալների՝ մի կալանավոր կազմակերպել է հանցավոր խումբ, List.am-ում բջջային հեռախոսների և այլ իրերի վաճառքի հայտարարություններ տված անձանց հետ նրանք կապ են հաստատել, առաջարկել բարձր գին, ապա խաբեությամբ հափշտակել գույքը: ԱԱԾ աշխատակիցները մի քանի խցերի թաքստոցներում հայտնաբերել են Wi-Fi սարքեր, պլանշետներ, հեռախոսներ, հեռախոսի քարտեր։ Պարզվել է նաեւ, որ որոշ կալանավորներ պահվել են արտոնյալ պայմաններում, իսկ այսպես կոչված «նայողի» խուցն առհասարակ բաց է եղել, և նա կանգնած է եղել դրսի կողմից մուտքի մոտ: Խուզարկությամբ հայտնաբերված իրերն առգրավվել են:
Դոլարն էժանացել է՝ այսօր փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոն 542 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 626, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 56 դրամ:
Ապրիլի 24-ին Հայաստանի որոշ մարզերում սպասվում են կարճատեւ տեղումներ: Երեւանում օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +13+15:











