Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը քիչ առաջ մերժեց Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը: NEWS.am–ի լրագրողը հայտնում է, որ դատավորը որոշումը հրապարակեց դռնբաց դատական կարգով։ Նշենք, որ ապրիլի 29-ին դատարանը որոշել էր բավարարել Լևոն Սարգսյանի գործով մեղադրող Արա Մնացականյանի միջնորդությունն ու դռնփակ քննել բողոքը։

Նշենք, որ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ, և այս գործի շրջանակներում քննիչի որոշմամբ նրա գույքի վրա կալանք է դրվել: Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում, փոխանցվել Հատուկ քննչական ծառայության վարույթ: Այս գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Սարգսյանի որդին և դուստրը` Նարեկ և Անի Սարգսյանները: Ըստ ՀՔԾ-ի կողմից տարածված հաղորդագրության՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Սարգսյանի և քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ.-ի 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր: Քննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանն ու վերջինիս դուստրը 2017թ.-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները և թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են: Պարզվել է նաև, որ Նարեկ Սարգսյանը նույնպես թաքցրել է հայտարարագրման ենթակա գույքը: 2017թ.-ի հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջինս նույնպես ապօրինի հարստացել է»: Սարգսյանի նկատմամբ այս գործի շրջանակներում հայտարարված է հետախուզում:

Նշենք, ուր Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը ներկայացել է քննությունն իրականացնող մարմնին եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշենք, որ ներկայումս տարբեր քրեական գործեր են քննվում նաեւ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա որդիների մասով։