Եթե կառավարության անդամը, այդ թվում` վարչապետը, երկրում չէ, ապա նա իհարկե չի կարող գալ։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում այսօրվա հարցուպատասխանին։

«Վարչապետը երկրո՞ւմ է, դուք ձեր հարցի պատասխանը չգիտե՞ք։ Օրենքը կարդացեք, եթե կառավարության անդամը, այդ թվում վարչապետը երկրում չէ, ապա նա իհարկե չի կարող գալ»,–նշեց նա։

Դիտարկմանը, որ վարչապետը աշխարհի որ ծայրում էլ լինի, չորեքշաբթի պետք է գա եւ մանսակցի Աժ–ում կառավարության հետ հարցուպատասխանին, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Դա օրենքի շատ աբսուրդային մեկնաբանություն է»։

Նկատառմանը, թե ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի խոսքերն են դրանք, Միրզոյանն ասաց. «Ես չեմ հիշում կոնկրետ դրվագը եւ կոնտեքստը, բայց եթե մարդը երկրում չի կամ արձակուրդում է, ինչպես կարող է գա չորեքշաբթի օրը ԱԺ»։

Լրագրողները հիշեցրին՝ Նիկոլ Փաշինյանը այդ խոսքն ասել էր այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանին, որը մասնակցում էր ԵՏՄ նիստին, որին ի պատասխան ԱԺ նախագահն ասաց. «Եկեք բացենք, նայենք, ես չեմ հիշում, գուցե պարոն Փաշինյանը նկատի է ունեցել, որ Կարեն Կարապետյանը երկրում չէ»։