Երեւանում, մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 18.00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների 16 հերթապահ խումբը «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Shamsshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Հայկ Թ.-ն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Չեխովի փողոցում վայր ընկնելու հետեւանքով։

Մինչ բժիշկներն անհրաժշտ օգնությունն էին ցուցաբերում վիրավորին, Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ Հայկ Թ.-ի հայտնած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Նրա հետ Հայկ Հովսեփյան եւ Չեխովի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել Հովհաննես Մ.-ի մասնակցությամբ, ինչի հետեւանքով էլ Հայկը վնասվածք է ստացել։

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։