Ազգային ժողովում Վահե Գրիգորյանի հայտնի ելույթից հետո ստեղծված իրավիճակին Սահմանադրական դատարանը արձագանքել է հայտարարությամբ։ Հնչեցված կարծիքները, որ հիմանկանում քաղաքական են, ՍԴ-ն չի ցանկացել գնահատել՝ պահպանելով քաղաքական չեզոքություն: Իրավական հարցադրումների վերաբերյալ եւս զերծ է մնացել հրապարակային կարծիք հայտնելուց, քանի որ դրանք կարող են դառնալ Սահմանդրական դատարանի քննության առարկա։ ՍԴ-ն հայտարարել է, որ աշխատում և աշխատելու է իր բնականոն հունով՝ ենթարկվելով բացառապես Սահմանադրությանը և ապահովելով Սահմանադրության գերակայությունը։
Ըստ մամուլի՝ Վահե Գրիգորյանն սահմանադրական ճգնաժամի խնդրով նամակ է ուղղել ՍԴ անդամներին եւ սահմանադրական մարմիններին՝ Ազգային ժողովին, նախագահին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին: Նամակը գաղտնի չէ, բայց չի հրապարակվում։ Այսօր, ԱԺ նախագահը հաստատեց, որ նամակը ստացել է եւ համոզվել, որ ակնհայտորեն անորոշություն կա։
Միրրզոյանը լուրջ դիսկուրս է ակնկալում, եւ որ լայն կոնսենսուսով ճգնաժամը կհաղթահարվի։ Սակայն Հրայր Թովմասյանը, ըստ ամենայնի, պաշտոնը չի կորցնի։ ԱԺ նախագահը հաստատեց, որ որեւէ մեկը նրան փոխելու լիազորությամբ օժտված չէ։ Ավելին, ոչ միայն այդպիսի մտադրություն չունեն, այլեւ Թովմասյանից սպասում են ծանրակշիռ խոսք՝ հօգուտ հանգուցալուծման։
Այս ֆոնին Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է համալրվել, այս պահին 4 անդամի պաշտոն թափուր է։ Իշխող «Իմ քայլը» նոր թեկնածու է առաջադրել՝ Աննա Մարգարյանին։ Մինչ այս՝ ԱԺ-ն հաստատել էր նույն խմբակցության երկու թեկնածուներին՝ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին եւ փաստաբան Գրիգոր Բեքմեզյանին:
Խորհրդարանն այսօր քննարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երկու անդամների թեկնածությունը։ Տնտեսագետներ Էդգար Ճաղարյանին եւ Կարեն Սեդրակյանին առաջադրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ երկուսի թեկնածությանն էլ հավանություն տվեցին։
Մի քանի օր է՝ մամուլում համառ լուրեր են շրջանառվում, որ Սասուն Միքայլյանը ՔՊ վարչության անդամ չընտրվելուց հետո խիստ վիրավորված է՝ այնքան, որ պատրաստվում է հրաժարվել մանդատից։ Այս լուրերը կարծես հաստատվում են նաեւ խորհրդարանում նրա բացակայությամբ։ Սասուն Միքայելյանը թե ինչու չի մասնակցում նիստերին, Արարատ Միրզոյանն ասաց՝ զրո տեղեկություն ունի։
Հայաստանն ու Ադրբեջանը այսօր մեկական ձերբակալվածներ են փոխանակել՝ Իջեւանի Կայան բնակավայրի մոտ՝ Կարմիր խաչի ներկայացուցիչների միջնորդությամբ: Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել Զավեն Կարապետյանին։ 2017-ին Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ հունիսի 20-ի երեկոյան սահմանին իբրեւ թե հայ զինծառայողի են գերի վերցրել։ Ավելի ուշ հրապարակվել էր նաեւ Զավեն Կարապետյանի հարցաքննության տեսագրությունը, որտեղ նա թուրքական նմուշի զրահաբաճկոնով էր։ Պարզվել էր, որ Կարապետյանը մեծացել է մանկատանը, բնակվել է Վանաձորում, եւ ունի հոգեկան խնդիրներ։ Հայաստանն էլ Ադրբեջանին է հանձնել Էլվին Իբրահիմովին։ Այս տարի մարտի 16-ին, նա փորձել էր ապօրինի հատել Հայաստանի սահմանը, եւ վնասազերծվել էր մեր դիրքապահների կողմից։
Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավարտել է ռուսական Սու-30 ՍՄ կործանիչների գնման բոլոր գործողությունները, մոտ ապագայում օդանավերը կհատկացվեն հայկական կողմի սպառազինություն: Լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Հայաստանում տեղակայված ռուսական ավիաբազայի պետ Ալեքսադր Պետրովը։ Սու–30ՍՄ–ը բազմաթիրախային կործանիչ է, դասվում է 4++ սերնդի շարքը։ Այս մեքենայի գլխավոր նպատակը օդում գերիշխանություն հաստատելն է։ Այն կարող է կատարել իր առջև դրված առաջադրանքները` անկախ եղանակից և օրվա ժամից։
Մանվել Գրիգորյանի որդուն՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել յուրացման 7 դրվագով, որ կատարվել է Էջմիածնի քաղաքապետարանից։ Նույն գործով մեղադրվում են նաեւ Էջմիածնի քաղաքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» հիմնարկի նախկին պետը և «Բարեկարգում» հիմնարկի տնօրենը: Ըստ ձեռք բերված փաստերի՝ Կարեն Գրիգորյանը ԵԿՄ-ի պահակին աշխատավարձ է տվել համայնքի բյուջեից՝ գրանցելով եւ որպես պահակ, եւ որպես վարորդ։ Գրիգորյանը քաղաքի միջոցներով է վճարել նաեւ իր ընտանիքի վարորդին՝ նրան ձեւակերպել որպես քաղաքապետի վարորդ, իսկ իր անձնական վարորդին աշխատավարձ տալու համար նշանակել է վարչության պետերից մեկի տեղակալ։ Նախկին քաղաքապետը համայնքային միջոցներից աշխատավարձ է տվել նաեւ իր հոր կենդանիներին խնամողին եւ թիկնապահին, ընդ որում՝ վերջինս ձեւակերպվել է որպես զոդող։ Քննչական կենտրոնից նաեւ հայտնում են, որ համայնքին պատճառված վնասը նախաքննության ընթացքում մասամբ վերականգնվել է:
Քննչական կոմիտեն կասկածներ ունի, որ գործարար Աշոտ Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը զինվորական ծառայությունից խուսափել է փաստաթղթեր կեղծելով։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Հայտնի գործարարի երկու որդիներն էլ չեն ծառայել բանակում։ Ավագ որդին ուսումնառության ընթացքում ամուսնացել է և զինծառայությունից ազատվել է երկու երեխա ունենալու հիմքով, իսկ կրտսեր որդին՝ Վահագնը, առողջական պատճառով:
Վարչապետ Փաշինյանը կարող է անկոչ հյուրեր ունենալ՝ մի ամբողջ շուկա։ Կառավարության շենքի առաջ այսօր բողոքում էին ավտոներկրողները։ Ըստ նրանց՝ մեքենաները Հայաստան են մտնում եւ մաքսազերծվում բազմաթիվ ապօրինություններով՝ խոչընդոտելով իրենց բիզնեսին։ Եվ եթե վարչապետը չզբաղվի այս խնդրով, խոստացան կիրակի հյուր գնալ նրա տուն։
Կառավարության շենքի առաջ նաեւ գիշերողներ են եղել՝ մոտ 20 հոգի Եղվարդից, որոնք վտարվել են տներից։ Հանրակացարանի սեփականատերը, որտեղ ապրում էին նրանք, որոշել է վերանորոգել շենքը եւ ոստիկանության միջոցով դուրս արել բնակիչներին։ Նրանք էլ մեծ ու փոքրով եկել են Երեւան՝ տուն պահանջելու։
Երեւանում տրանսվեստիտները խախտել են հասարակական կարգը, նաեւ հայհոյել ու սպառնացել են ոստիկաններին։ Համացանցում այս ծեծկռտուքի ու վեճերի երկու տեսանյութ է հրապարակվել։ Ոստիկանությունը պարզաբանել է, որ մի տեսանյութի մեջ տրանսվեստիտները վիճաբանում են հարևանությամբ բնակվողների հետ, իսկ մյուսում սեռական բնույթի հայհոյանքներ են տալիս ոստիկաններին։ Խուլիգանության հատկանիշներով այժմ նյութեր են նախապատրաստվում։ Կան բերման ենթարկվածներ։
Դոլարի փոխարժեքը այսօր նվազել է՝ կազմելով 477 դրամ, եվրոն 543 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 604, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 57 դրամ։
Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւներ՝ տեղ-տեղ տեղատարափ եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ: Երեւանում շաբաթ եւ կիրակի սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +30+32:











