Գյումրու «Սասստեքս» կարի գործարանի սփյուռքահայ սեփականատեր Քրիստիան Գելեջին, որը ըստ տեղեկությւոնների երկրում չէր եւ երկու ամիս շարունակ աշխատավարձից ու պայմաններից դժգոհող աշխատակիցների բողոքի ցույցերի ժամանակ չէր գալիս ու հանդիպում նրանց հետ, հուլիսի 23-ին ժողով է անցկացրել։ NEWS.am-ի հետ զրույցում գործարանի շինարարության գծով պատասխանատու Ներսես Տաշչյանը պատմեց, որ հիմա ամեն ինչ կարգավորվել է, քանի որ ժողովից հետո պայմանավորվել են, որ աշխատավարձը լինելու է գործարքային․ «Կուզեն 5 հազար աշխատեն, կուզեն 500 հազար, մարդիկ դա հասկացան։ Հիմա հայտնի է, որ ամսական 55 հազարից վերեւ է, կարող է 60-70 հազարից էլ վերեւ լինի, 10 հոգին որ թույլ է աշխատում, 50 հոգին տուժում է իրենց պատճառով։ Մենք չենք ուզում, որ իրենք ցածր ստանան, մենք ուզում ենք, որ մինիմում 60-70 հազար ստանան։ Րոպեներն ավելացրացինք, այսինքն եթե 10 րոպեից պետք է կարի, տա, 12 րոպե դրեցինք, որ ավելի հանգիստ գործը անեն, դա էական փոփոխություն է»։
Նա շեշտում է՝ ամեն ինչ եղել է ըստ պայմանագրի․ «7 ամիս աշխատել են, մինիմալը ստացան, 7 ամիս անց, երբ գործարքային դարձավ, ինչպես նշած էր պայմանագրում, այդ աղմուկը բարձրացավ։ Եթե մարդկանց փողը չէինք վճարում, ինչու իրավապահները չեկան, մեզ չձերբակալեցին, որովհետեւ պայմանագրում ամեն ինչ նշված էր, մենք մարդկանց փողը չենք կերել»։
Ներսես Տաշչյանի խոսքով՝ առաջիկայում եւս 120 աշխատող են ընդունելու․ «Այսօր աշխատողներից 42 հոգի է բացակա եղել,մնացածը եկել են գործի, օգոստոսին ուզում ենք եւս 120 հոգու աշխատանքի ընդունել։ Մեր ամբողջ նպատակն այն է, որ գործարանը եւ գյումրեցին աշխատի»։





























