Երեւանի Գրողների տան դահլիճում այսօր` մարտի 31-ին տեղի է ունեցել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից կազմակերպած հավաք-քննարկումը` «Արաբական շարժումները եւ տարածաշրջանային զարգացումները» թեմայով:

Հիմնական բանախոսը եղել է տեղեկատվական տեխնոլոգիաների հայտնի մասնագետ Գարեգին Չուգասզյանը, ով քննարկման մասնակիցներին իրազեկելով «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբին միանալու իր որոշման մասին, հանդես է եկել Միջին Արեւելքում արդի քաղաքական գործընթացների եւ Հայաստանում ստեղծված հեղափոխական իրավիճակի վերլուծությամբ:

Քննարկմանը ելույթներով հանդես են եկել մի շարք երիտասարդ հասարակական եւ քաղաքական գործիչներ, ներկայացնելով նոր սերնդի գնահատականներն ու մոտեցումները ընթացիկ զարգացումների վերաբերյալ:

Մասնավորապես, Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտի ղեկավար Արփինե Գալֆայանն անդրադարձել է քաղաքացիական հասարակության որակապես փոխվելու եւ կազմակերպվելու անհրաժեշտության, աշխատավոր ժողովրդի սոցիալական անպաշտպանվածության, արհմիությունների անգործության, երկրում բնապահպանական ահագնացող վտանգների եւ կանանց հանդեպ պահպանվող խտրականության խնդիրներին:

Լրագրող Արմեն Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանում քաղաքացիական շարժումների ներկան ու հեռանկարները, հատկապես «Մենք ենք այս քաղաքի տերը», «Լեզվի մասին օրենքի պաշտպանության» եւ այլ հասարակական նախաձեռնությունների գործունեությունը: Իրանագետ Արթին Առաքելյանը վերլուծել է արաբական հեղափոխական շարժումների առնչությունը Իրանի հետ:

Հավաքի ավարտին հակաճգնաժամային կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն ամփոփել է ելույթները, եզրահանգելով, որ երկրում ստեղծված հեղափոխական իրավիճակը հնարավորություն է տալիս թռիչքային զարգացումով հաղթահարել առկա տնտեսական, քաղաքական եւ գաղափարական առկա ճգնաժամերը:

Հավաքն ավարտվել է Է. Հովհաննիսյանի եւ Պ. Սեւակի «Սարդարապատ» երգի կատարմամբ: