Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ձախողումը հիմա էլ գցում է պետական համակարգի վրա, որ նրանց էլ կրճատի, տեղում բերի այնպիսի մարդկանց, ովքեր իր ցանկացած խոսքի կծափահարեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ համակարգը դիմադրում է փոփոխություններին։
Դիտարկմանը, որ շատերի կարծիքով՝ Փաշինյանի դժգոհությունն ուղղված էր առավելապես ԱԱԾ–ին, ինչով էլ պայմանավորված է ոստիկանությանը գաղտնալսելու իրավունք տվող օրենսդրական վերջին փոփոխությունը՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Չեմ կարծում, որ Փաշինյանի դժգոհությունն ուղղված էր բացառապես ԱԱԾ-ին. այն ուղղված էր պետական համակարգի տարբեր մարմինների, որտեղ նա հասկանում է, որ պետական համակարգը բացի ընթացիկ խնդիրներից չի հասցնում, չի կարողանում գուցե նաեւ մի մակարդակ վերեւ բարձրանալ եւ մտածել ռազմավարությունների մասին։ Քրեական արդարադատությունն առաջին պլանի վրա է, դրա համար նրա դժգոհությունը կարող է լինել իրավապահ մարմիններից, գուցե այդ թվում՝ նաեւ ԱԱԾ-ից։ Նա անընդհատ ցանկանում է մարդկանց զբաղեցնել նոր տեսարաններով եւ նոր սցենարներով, եւ այդ սցենարիստները, իր կարծիքով, որովհետեւ ԱԱԾ-ին տվել է ոչ թե ազգային անվտանգությւնը պաշտպանելու, այլ իր պատկերացրած պետության սցենարիստի կերպար։ Նրանք սցենարիստներ են, որոնք գրում են հերթական զվարճալի-ժամանցային, քրեական-ժամանցային սերիալի սցենարը։ Եւ երբ մարդիկ մի փոքր ուշանում են կամ տեսնում են, որ սերիալի հերոսներին չեն կարողանում իրականում գտնել եւ դեր վերապահել, չեն կարողանում սցենարը ապահովել, քանզի սցենարի հերթականությունը իրավունքին եւ Սահմանադրությանը չի համապատասխանում, նա դժգոհում է։ Չեմ բացառում։
Բուն գաղտնալսման նախագծի մեջ Արփինե Հովհաննիսյանը մեծ խնդիր չի տեսնում, քանի որ նախկինում էլ ոստիկանությունը դիմում էր ԱԱԾ-ին, եւ այդ գործառույթն իրականացվում էր։
«Բանն այն է, որ այս տեսանկյունից ավելի խնդրահարույց է այն, որ օրենքում պատշաճ երաշխիքներ չկան մարդու իրավունքների պաշտպանության ապահովման տեսանկյունից, եւ որ շատ ավելի կարեւոր է՝ որպեսզի պետական համակարգի մարմինները մեկը մյուսի դեմ տարբեր պատճառներով չսկսեն աշխատել։ Շատ երկրներում, որտեղ ոստիկանությունը ԱԱԾ-ի միջոցով է անում, մեկը մյուսին նաեւ վերահսկում է։ Այսինքն՝ ինչ-որ մի աշխատակցի, բաժնի պետի քմահաճույքը շատ ավելի սահմանափակվում է, թեեւ այնպես չէ, որ հիմա հրաշալի երաշխիքների համակարգ կա, բայց շատ ավելի հուսալի երաշխիքների համակարգ է, քան երբ տալիս ես նաեւ ոստիկանությանը։ Դա այն դեպքում, երբ երկրի ղեկավարը կասկածամտության խորհրդանիշ կարող է լինել։ Եվ այս պայմաններում շատ երկրներում հենց դրա համար դա չեն անում, որպեսզի պետական համակարգը մեկը մյուսի դեմ չսկսի աշխատել։ Երբ Փաշինյանն ընդդիմության ներկայացուցիչ էր, այդ մարդը քանդելու տրամաբանության մեջ էր, քանդում էր համակարգ, քանդում էր իշխանության հիմքերը՝ ձգտելով ենթադրաբար իշխանության, թեեւ վստահ եմ, որ հույս չուներ, որ երբեւէ կգա իշխանության։ Բայց նրա քանդելու տրամաբանությունը ինչ-որ առումով հասկանալի էր։ Բայց երբ նա պետության ղեկավար է եւ պետական համակարգին մեղադրում է հեղափոխությանը դիմադրելու մեջ, այն մեկին գործիք է տալիս մյուսի դեմ, այստեղ շատ մեծ է վտանգը, որ պետությունն այլեւս իր ինստիտուցիոնալ գործառույթից դուրս է գալիս եւ մտնում է քանդման փուլ, միմյանց կասկածելու փուլ, անընդհատ իրար դեմ ինչ-որ բան անելու փուլ։ Սա շատ վտանգավոր է եւ այս նախագիծը նաեւ մարդու իրավունքների տեսանկյունից ծայրահեղ վտանգավոր է, որովհետեւ երաշխիքների բացակայությունն օրենքում ակնհայտ է»։











