ԱՄՆ-ի կողմից Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը մեծացրել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ կիբեռպատերազմի հավանականությունը, նախազգուշացնում են անվտանգության հարցերով փորձագետները, հայտնում է The Guardian-ը:

Լարվածության աճի եւ դաժան վրեժխնդրության մասին Թեհրանի հայտարարությունների հետ կապված վտանգ է առաջացել, որ պատասխան հարվածը կարող է տեղի ունենալ ենթակառուցվածքների չափազանց կարեւոր հատվածների վրա հաքերային հարձակումների տեսքով, ներառյալ էներգահամակարգը, բուժհաստատությունները, բանկերը:

Իրանը իր կիբեռուժերում զգալի միջոցներ է ներդրել 2010 թվականին Stuxnet հարձակման տարիներից սկսած, երբ ԱՄՆ-ն եւ Իսրայելը համակարգչային վիրուսի միջոցով թուլացրին Իրանի միջուկային ներուժը:

«Իրանն արդյո՞ք հնարավորություն ունի էներգահամակարգը շարքից հանելու բնակչության մեծ մասի համար: Հաշվի առնելով, թե նրանք հիմա ինչպես են խոսում, թվում է, որ եթե այդպիսի հնարավորություններ ունեն, հիմա կարող են մտածել դրանց օգտագործման մասին»,-  նշել է Տաֆթսի համալսարանի Ֆլեթչերի դպրոցի  կիբեռանվտանգության ոլորտի քաղաքականության պրոֆեսոր Ջոզեֆինա Վոլֆը:

Նրա խոսքով՝ պատմականորեն այնպես է ձեւավորվել, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ կիբեռհարձակումները հանգեցրել են ապաէսկալացիայի՝ հնարավորություն ընձեռելով միմյանց հակազդել ոչ բռնի միջոցով: Սակայն Սոլեյմանիի սպանությունը կարող է դա դադարեցնել:

FireEye ընկերության կիբեռանվտանգության հարցերով վերլուծական անալիզի հարցերով տնօրեն Ջոն Հալթքվիսթն ակնկալում է, որ Իրանն իր պատասխան գործողությունները կկենտրոնացնի մասնավոր հատվածի վրա:

«Նրանք պատրաստվում են կիբեռհարձակումն օգտագործել որպես ԱՄՆ-ի վրա ազդելու անհամաչափ միջոց,- ասել է Հալթքվիսթը: - Մենք չենք կարծում, որ նրանք դեռեւս ունեն համակարգերը մանիպուլացնելու հնարավորություն... Նրանք ավելի շուտ կարող են համակարգերը զանգվածաբար ջնջել եւ ամեն ինչ կանգնեցնել»:

Նա նշել է, որ կիբեռպատերազմը Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ մարտադաշտը հավասարեցնում է: «Ահա թե ինչու են նրանք մշակում անհամաչափ մարտադաշտ,- ասել է նա: - Մենք, հնարավոր է, ունենք ահռելի առավելություն՝ անչափ բարդ ունակություններով, բայց մենք նաեւ ունենք անչափ բարդ հանրություն, որը մեզ շատ խոցելի է դարձնում համակարգչային հարձակումների համար»: