Խորվաթիան կիրակի երկրորդ փուլով ընտրում է նախագահ հերթական հնգամյա շրջանի համար։ Տեղի ժամանակով ժամը 07.00-ին երկրում եւ արտասահմանում բացվել են ավելի քան 6,5 հազար ընտրատեղամասեր։ Քվեարկությունը կավարտվի ժամը 19.00-ին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Խորվաթիայի Պետական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ այս ընտրություններում ձայնի իրավունք ունի 3,85 մլն ընտրող, այդ թվում 177 հազար արտասահմանում բնակվող։ Հանրապետության բնակչությունը կազմում է 4,1 մլն մարդ։
Երկրի քաղաքացիները պետք է քվեարկեն երկրորդ փուլ անցած երկու թեկնածուներից մեկի օգտին։
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են գործող նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, որին աջակցում է կառավարող «Խորվաթական դեմոկրատական համագործակցությունը», եւ նախկին վարչապետ, Խորվաթիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից առաջադրված Զորան Միլանովիչը։
Առաջին փուլի արդյունքներով, որը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 22-ին, Միլանովիչը հավաքել էր 29,55 տոկոս ձայն եւ զբաղեցրել առաջին տեղը։ Գրաբար-Կիտարովիչը հավաքել էր 26,65 տոկոս ձայն։
Երկրորդ փուլի հաղթող է համարվում այն թեկնածուն, որը ստացել է ավելի շատ թվով ձայներ։





























