«Կանաչ գոտին» Բաղդադի կենտրոնում ենթարկվել է ականանետային գնդակոծության, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Ալ Արաբիա»-ին։
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ հարվածների թիրախը ամերիկյան դեսպանությունն էր։ Դիվանագիտական առաքելության համալիրի կողքին ընկել է «Կատյուշա» տիպի մի քանի հրթիռ։ Մեկը պայթել է անմիջապես դեսպանության շենքի կողքին, երկրորդը՝ «կանաչ գոտու» անցակետից ոչ հեռու։
Իրաքյան աղբյուրները տեղեկացրել են, որ գնդակոծության հետեւանքով առնվազն մեկ ընտանիք վիրավորումներ է ստացել։ Գնդակոծության հետեւանքով կարող են նաեւ զոհեր լինել, ասել են «Ալ Արաբիա»-ի զրուցակիցները։
Անցած ամսվա վերջին Իրաքի մայրաքաղաքում խիստ սրվել է իրավիճակը։ Բողոքողները փորձել են գրոհել ամերիկյան դեսպանությունը։ Դա տեղի է ունեցել ամերիկյան անօդաչու սարքերի հարվածից զոհված «Քաթաիբ Հեզբոլլահ» շիական խմբավորման անդամների հուղարկավորությունից հետո։
Դիվանագիտական առաքելության պաշտպանության համար կիրառվել է արցունքաբեր գազ։ Հունվարի 1-ին հարձակումները դեսպանության վրա դադարեցվել են։
Վաշինգտոնը մեղադրել է Իրանին բողոքների կազմակերպման մեջ։ Հունվարի 3-ի գիշերը ամերիկացի զինվորները գործողություն են իրականացրել Իրաքի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում Իրանի բանակի էլիտար՝ հատուկ նշանակության «Կուդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի եւ իրաքյան շիական աշխարհազորի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ։ ԱՄՆ-ում հայտարարել են, որ նրանք հանցակից են եղել դիվանագիտական առաքելության վրա հարձակման կազմակերպմանը։




























