Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Facebook-յան էջում մեկնաբանել է Պենտագոնի հայտարարությունը, որը հանդես էր եկել Reuters գործակալության տեղեկության հերքմամբ Իրաքից զորքերի դուրսբերման մասին՝ ըստ գործակալության տրամադրության տակ հայտնված նամակի:

«Առաջարկում եմ ֆիքսել «սխալմունք» բառը, այլապես վաղը կրկին կսկսեն «ռուս հաքերների» կամ RT-ի վրա բարդել»,- գրել է նա:

Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլին ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ գլխավորած ռազմական կոալիցիայի զորքերի դուրսբերման մասին ավելի վաղ հրապարակված նամակը «սխալմունք» է եղել:

Նրա խոսքով՝ դա եղել է վատ կազմված սեւագիր, որն անգամ ստորագրված չէր եւ չպետք է հրապարակվեր:

«Այն (նամակը) ուղարկվել է մի քանի իրաքցի առանցքային զինծառայողների օդային փոխադրումների եւ այլնի համակարգման համար: Հետո մեկի ձեռքից մյուսին է ուղարկվել, այնուհետեւ հայտնվել է ձեզ մոտ»,- պարզաբանել էր Միլլին՝ կրկին հաստատելով Էսփերի խոսքը, որ ամերիկյան զորքերը Իրաքից դուրս չեն գալիս:

Հիշեցնենք, որ Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ գլխավորած ռազմական կոալիցիան հայտարարել է Իրաքից զորքերի դուրսբերման մասին՝ մեջբերելով իր տրամադրության տակ հայտնված նամակից:

Գործակալությունը հայտնել էր, որ նամակը գրել էր ԱՄՆ ծովային կորպուսի բրիգադի գեներալ Ուիլյամ Սիլին եւ հասցեագրված էր Իրաքի պաշտպանության նախարարությանը:

Գործակալության հայտարարությամբ՝ նամակի իսկությունը հաստատել էր Իրաքի պաշտպանության նախարարությունից աղբյուրը: