Դատական նիստի ժամանակ սպառնալիքներ են հնչեցվել, որոնք խոչընդոտել են մեր փաստաբանական գործունեությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Միհրան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին տուժող կողմի ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե փաստաբանները «հարգանքով չարտահայտվեն Մարտի 1-ի մասին, ապա կհայտնվեն նույն դրության մեջ»: Փաստաբանները պահանջել են պարզաբանել, թե ինչ է դա նշանակում: Հունվարի 14-ին փաստաբան Միհրան Պողոսյանը չի ներկայացել նիստին՝ հայտնելով, որ բացակայում է, քանի որ դատարանը չի ապահովում պաշտպանության համար պայմանները: Հունվարի 21-ին նույն պատճառով նիստին բացակայել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբանները: Դատարանը Միհրան Պողոսյանի գործողությունները որակել է որպես պարտավորություններից հրաժարում եւ պատժամիջոց կիրառել նախազգուշացման տեսքով:
Միհրան Պողոսյանի խոսքով՝ դատախազները պետք է հաստատեն սպառնալիքների փաստն ու ընթացք տան: «Մենք ականատես դարձանք դատախազների եւ դատարանի լռությանը»,- հայտարարեց փաստաբանը՝ հավելելով, որ նման մթնոլորտ է տիրում երկար ժամանակ: Փաստաբանի կարծիքով՝ եթե ժամանակին կասեցվեին սպառնալիքների եւ վիրավորանքների փորձերը, իրավիճակն այլ կլիներ: Ավելին, նրա կարծիքով, տուժողների հարազատներին դրամական փոխհատուցման տրամադրումը նրանց վստահություն է տվել:
Խոսելով հնչած սպառնալիքի մասին՝ փաստաբանը նշեց, թե դատարանը հասկանում է, որ այստեղ խնդիր կա, այլապես Հարությունյանից (սպառնալիքը հնչեցնողից) պարզաբանում չէր պահանջի: Բայց դատարանի գործողություններն ուշացած են: «Եթե դատարանն իր դերի մեջ լիներ, այդ պարզաբանումը պետք է լիներ հունվարի 9-ին, երբ հայտարարությունը հնչել էր»,- նշեց Միհրան Պողոսյանը: Նա շեշտեց, որ բացակայության վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է, եւ եթե անհրաժեշտ լինի, դա նորից կանի. «Այո, ես դիտավորյալ եմ բացակայել: Բայց պատճառն այն է, որ ես զրկված եմ պաշտպանությունը լիարժեք իրականացնելու հնարավորությունից, եւ դատարանը չի նպաստում իրավունքների իրականացմանը»:
Պողոսյանն ընդգծեց, որ փաստաբաններն ամենեւին չեն ձգտում նիստերի հետաձգմանը: «Եթե այս փուլում այնքան էլ հստակ չէ, որ «գործը ջուր» է, ապա անմիջական դատավարության առաջին իսկ նիստերին դա լիակատար կլինի»,- հայտարարեց փաստաբանը՝ հավելելով, որ մտադիր չէ դատավարության մասնակցել, որտեղ պաշտպանություն իկրականացնելու իր իրավունքները լիակատար չեն կատարվում:











