Դատական համակարգում առկա ընդհանուր ճգնաժամը, մասնավորապես, ՍԴ-ի ճգնաժամը, կարող է լուծվել եւ պետք է լուծվի Սահմանադրական փոփոխություններով։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Հիմա ինչ լուծում էլ գտնենք այդ լուծումը 100 տոկոսով հիմք չի կարող հանդիսանալ ամբողջ դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու համար։ Մինչեւ փետրվարի 27-ը կա ժամանակ վաղ կենսաթոշակի անցնելուն։ Որեւէ մեկը չի կարող գնահատել՝ աշխատե՞լ, թե՞ չաշխատես, քանի դեռ վերջին օրը չի եկել։ Եթե որեւէ մեկը կչդիմի վաղ կենսաթոշակի անցնելուն, դրանից ոչ մի տրագեդիա չի լինի։ Եթե որեւէ մեկը դիմի, ապա դա կես քայլ է ճգնաժամի լուծման ուղղությամբ, սակայն դա ճգնաժամի լուծում չի»,- ասաց նախարարը։
Բադասյանը շեշտեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ՍԴ-ի ճգնաժամի լուծման հետ չպետք է կապեն․
«Քրեական գործը եկեք որեւէ պրագայում որեւէ ճգնաժամի լուծման հետ չկապենք։ Նայեք 2018 թվականի մայիս-հունիսից հետո քանի քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձանց նկատմամբ։ Որեւէ մեկն ապահովագրված չէ եւ բացարձակ անձեռմխելիություն չունի որեւէ քրեական հետապնդումից։ Բոլորն իրենց արարքների համար պետք է պատշաճ կարգով ներկայանան հանրությանը եւ բացատրություն տան։ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Հրայր Թովմասյանը քաղաքական հետապնդում են ասում, բայց հայտարարելը մի բան է, իրականությունն՝ այլ»։
Նախարարն, անդրադառնալով ՍԴ նախագահի անձեռնմխելիության հարցին, ասաց ․ «ՍԴ դատարանի անձեռմխելիությունը, դա տվյալ մարմնի պատշաճ գործունեությունն ապահովող մեխանիզմ է, մասնավոր անձի իրավունք չի։ Հետեւաբար, որեւէ հետադարձ ուժի մասին խոսելն անընդունելի է։ Եկեք ես կալանավորմանն ընդհանրապես չանդրադառնամ, որովհետեւ այն պարագայում, երբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին, գրեթե անհավանական է, կամ չգիտեմ՝ ինչ հանգամանքներ ի հայտ գան, որ նման միջնորդություն քննարկենք»։
Բադասյանն ասաց, որ նոր ձեւավորված Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն անդրադառնալու է Սահմանադրության այն ուղղություններին, որոնք նախանշված են դատաիրավական ռազմավարությամբ․ «Չի բացառվում, որ եթե իրավաբան-գիտնականները, ՀԿ-ները, քաղաքական ընդդիմությունը բարձրացնի հարց, որին, իրենց կարծիքով, եւս պիտի անդրառնան այս ընթացքում, ապա մենք կքննարկենք ու կանդրադառնանք»։
Հարցին՝ արդյոք նախատեսվո՞ւմ է կառավարման մոդելի փոփոխություն, Բադասյանն ասաց․ «Կառավարությունը չի նախատեսում եւ դրա մասին պարզ արտահայտել է վարչապետը»։











