Սահմանադրական դատարանի հարցի կարգավորումը մենք ունենք, առաջիկայում կհրապարակենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինա Պողոսյանը։
«ՍԴ հարցի կարգավորումն ունենք, այս պահին ես չեմ ասի, դրա մասին կխոսի խմբակցության ղեկավարը առաջիկա օրերին՝ 1-2 օրվա ընթացքում։ Այս կարգավորումը խաղաղություն է բերեկու ՀՀ քաղաքացիներին, մարդիկ իրենց աշխատանքն են անելու, չեն նյարդայնանալու, որ ՍԴ-ն բռնազավթած է, հանգիստ իրենց գործն են անելու»,-նշեց նա։
Պատգամավորը խոսեց նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին․ «Մեղքս ինչ թաքցնեմ՝ երեկ ստիպեցի ինձ և լսեցի Հրայր Թովմասյանի հարցազրույցը։ Սկսվեց խոսքերով, որ ինքը սասունցի է։ Առաջին միտքը, որ առաջացավ՝ գրողը տանի, ես էլ եմ սասունցի, Դավիթ Տոնոյանն էլ է սասունցի և Հրայր Թովմասյանն էլ է սասունցի։ Պարոն Թովմասյանը խոսում էր իր պատվից, արժանապատվությունից, որ ինքը դատի է տալու, ակամայից հիշեցի 2014 թվականի փետրվարի 24-ը, երբ Ազգային ժողովի դահլիճում ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը տղամարդկության և բարոյականության հետ ընդհանրապես սահման չունեցող վիրավորանք հասցրեց Հրայր Թովմասյանին, ինչին ի պատասխան Հրայր Թովմասյանը լռեց և բառ անգամ չխոսեց։ Այս պարագայում ես կարծում եմ, որ այն փաստաբանները, որոնք Հրայր Թովմասյանին օգնում և խորհուրդ են տալիս, հուսով եմ կդիմի այդ փաստաբաններին և նրանք հայցով կմտնեն դատարան Արմեն Ռուստամյանի դեմ, և պատիվ կպահանջեն, բայց նույնիսկ վստահ եմ, որ Արմեն Ռուստամյանը կգա դատարանի դահլիճ և կկրկնի այն ամենը, ինչ ասել է։ Ուղղակի հետաքրքիր պատկեր է առաջանում՝ երբ 2014-ին վիրավորում էին, Հրայր Թովմասյանը հավաքեց իր ողջ տղամարդկությունը, պահեց դարակում, ասաց՝ հենց թոշակի գնալու տարիքին հասնեմ, կհիշեմ, որ սասունցի եմ, թասիբ ունեմ, պատիվ կպահանջեմ։ Ես խորհուրդ եմ տալիս և կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է, որ նա դիմի և պատիվ պահանջի Արմեն Ռուստամյանից»։
Դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանը ասում է՝ դուք ով եք, որ չուզեք ինքը լինի ՍԴ նախագահ, որովհետև դուք իշխանության մի ճյուղի ներկայացուցիչ եք, իսկ ինքը դատռական իշխանությունն է ներկայացնում, Քրիստինա Պողոսյանն արձագանքեց․ «Ուզում եմ ճշգրտում մտցնել, նա որևէ ճյուղի ներկայացուցիչ չէ, ինքը լինելով ՍԴ նախագահ և կարելով-ձևելով Սահմանադրությունը, որով մենք այսօր ապրում ենք, այնքան անգրագետ արտահայտություն է անում, որ նույնիսկ չի հասկանում, որ ՍԴ նախագահը դատական իշխանության ներկայացուցիչը չէ, դատական իշխանությունը ներկայացնում է դատական խորհուրդը, ինքն անգամ դա չի հասկանում։ Փաստացի ինքն իրեն հռչակեց մի մարդ, որն որևէ ճյուղի ղեկավար է, երևի ինքն ուզում էր բացահայտ ասել, որ զավթել է այդ ճյուղը»։











