ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն են ներկայացրել: Միջնորդագիրը ներկայացրել են փաստաբաններ Հովհաննես Խուդոյանը և Արամ Օրբելյանը:
Հովհաննես Խուդոյանը հիշեցրեց, որ նմանատիպ բովանդակության միջնորդություններ նախկինում արդեն ներկայացվել են. սա ավելի լրացված տարբերակն է:
Սկսելով ելույթը` փաստաբանը շնորհակալություն հայտնեց դատավորին սանկցիաների կիրառման համար, որպեսզի հասարակությունը չունենա այն կեղծ տպավորությունը, թե օբյեկտիվ գործընթաց է ընթանում: Ըստ փաստաբանի` Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հակասում է նախկինում ընդունված իրավական ակտերին: Խոսքը «յոթի գործի» մասին է: Նա հիշեցրեց, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների յոթ մասնակիցների քրեական հետապնդումը դադարեցվել է 300.1-րդ հոդվածի համաձայն: Փաստաբանը բավականին մանրամասն թվարկեց քրեական գործում նկարագրված մարտի 1-ի իրադարձությունները և դրան հաջորդած ժամանակահատվածը` անկարգությունները, ոստիկանությանը ցուցաբերված զինված դիմադրությունը, անկարգությունների մասնակիցների կողմից սառը զենքի և «Մոլոտովի կոկտեյլների » օգտագործումը:
«Սա դատական ակտ է, որն օրինական ուժի մեջ է»,- հիշեցրեց փաստաբանը՝ հավելելով, որ այն, ինչ ներկայացվել է այս դատարանում, հակասում էր նկարագրվածին: Նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում գործերը պետք է վերանայվեն, իսկ այստեղ ներկայացված մեղադրանքը հակասում է պրակտիկային: «Այսինքն, խոսքն այն մասին է, որ որոշ փաստեր հաստատվել են: Օրինակ, այն, որ բողոքի ակցիաների մասնակիցների մեջ կային զինված անձինք, և դա հակասում է «խաղաղ ակցիաները» ցրելու մասին պնդումներին: Եթե 10 տարի անց «պարզվել է», որ փաստերը սխալ են եղել, դատախազությունը պետք է գնա այդ գործերի վերանայման ճանապարհով»,- հիշեցրեց փաստաբանը: Խոսելով անմեղության կանխավարկածի մասին` փաստաբանը նշեց, որ այս նորմը ամբաստանյալների նկատմամբ պարբերաբար խախտվել է. գույքի բռնագրավման մասին չհիմնավորված որոշումներ են կիրառվել:
Միևնույն ժամանակ, պաշտպանական կողմին գործի ոչ բոլոր նյութերն են տրամադրվում, այլ միայն` «մեղավորությունը հաստատողները», ըստ նույն քննիչի բնութագրության: «Հետաքննությունը անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում կասկածի տակ է դնում քննության օբյեկտիվությունը»,- շեշտեց փաստաբանը: Անմեղության կանխավարկածի խախտման փաստերի թվում փաստաբանը նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները:
Շարունակելով գործընկերոջ ելույթը` փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ Խաչատրյանը շարունակում է մնալ իր պաշտոնում, հայտարարություններ է անում և չի հեռացվել գործից: Նա օրինակ բերեց լիտվական փորձից, երբ ՄԻԵԴ-ը, պաշտոնատար անձանց նման հայտարարությունների պատճառով, անմեղության կանխավարկածի խախտում էր արձանագրել: Այս դեպքում անմեղության կանխավարկածի խախտումը բավարար հիմք է գործը կարճելու համար, նշեց Օրբելյանը:
Ըստ Հովհաննես Խուդոյանի` հետաքննությունն այսպիսի մոտեցմամբ է ընթանում սկզբից մինչև վերջ` փորձելով ապացուցել իր դիրքորոշումը մեղքի վերաբերյալ, մեղքի ապացույցներ որոնելով, այլ ոչ թե` փորձելով բացահայտել բոլոր հանգամանքները: Օրինակ, հակասական ցուցմունքների առկայության դեպքում առերեսումներ չանցկացնել, այլ ներկայացնել միայն մեղադրական բնույթի ցուցմունքները:
Փաստաբանը հետաքրքրվեց հետաքննության` աղբյուրների, այդ թվում նաև` Wikilix-ի նկատմամաբ ընտրովի վերաբերմունքով և մատնանշեց ամբաստանյալների իրավունքների կոպիտ խախտումը: «Այս ամենով հանդերձ, մենք պետք է լուրջ դեմքերով այստեղ ձևացնենք, որ իրավական գործընթացի ենք մասնակցում»,- նշեց փաստաբանը` հավելելով, որ խոչընդոտները շարունակվում են, կողմերը հանդես չեն գալիս հավասար դիրքեր, իսկ գործընթացն ընթանում է մեղադրական ուղղվածությամբ: Խուդոյանի խոսքով` կա՛մ շտապելու պատճառով, կա՛մ նպատակայինորեն, մեղադրանքի համար ընտրվել է Քրեական օրենսգրքի հոդվածը, որն ամենաշատ խնդիրներն ունի օրենքի հետ կապված: Օրենքի հիմունքները` անձը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել այնպիսի արարքի համար, որը կատարման պահին հանցագործություն չի համարվել, և օրենքը հետադարձ ուժ չունի: 300.1 հոդվածն ուժի մեջ է մտել վերագրվող արարքից մոտ մեկ տարի անց, փաստեց փաստաբանը: Ընդ որում, 2008 թ. գործող Քրեական օրենսգրքի հոդվածներին չնչին անգամ հղում չկա, ինչպես պետք է լիներ: «Հետաքննությունն այլ տրամաբանությամբ է առաջնորդվել. վերցրել է գործող Քրեական օրենսգիրքը և այնտեղ համապատասխան հոդվածներ է փնտրել»,- նկատեց փաստաբանը:
Արամ Օրբելյանը նշեց, որ 300-րդ հոդվածի հիշատակումը հայտնվում է միայն մեղադրական եզրակացության մեջ, ինչը վկայում է լուրջ խախտման մասին` մեղադրական եզրակացության մասով: Քանի որ մեղադրանքը պատշաճ կարգով չի ներկայացվել, ապա գործը քննել չի կարելի: Եվ սա վերաբերում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլ նաև` մյուս մեղադրյալներին:
Հովհաննես Խուդոյանը շեշտեց, որ 300 և 300.1 հոդվածները համեմատելու փորձերը անհաջող են. 300.1 հոդվածն այլ հանցակազմ է ենթադրում:
Արամ Օրբելյանը մանրամասն կանգ առավ նախկին և գործող Քրեական օրենսգրքի 300 հոդվածին և նոր քրեական օրենսգրքի 300.1 հոդվածին: Նախկին ձևակերպման համաձայն` իշխանության ձևավորման սկզբունքը ոտնձգության առարկա է: Նոր քրեական օրենսգրքում դրույթներից մեկը ՝ սահմանադրական կարգի տապալումը, առանձնացվում է որպես առանձին հանցակազմ: «Բայց եթե ինչ-որ բան է տապալվում, այն մնում է, թեկուզ` որպես այլ բան. դա լուծարում չէ», - ասաց Օրբելյանը: Ըստ նրա` սահմանադրական կարգ ասվածը ևս հարցերի տեղ է թողնում` չնայած այն բանին, որ ՍԴ-ն ժամանակին բացատրություն է տվել:
Հաշվի առնելով, որ նիստն ընթանում էր արդեն երեք ժամ, դատավորը կես ժամ ընդմիջում հայտարարեց:
Ընդմիջումից հետո պարզվեց, որ տուժող կողմի ներկայացուցիչների մի մասը լքել է դատարանի դահլիճը: Քանի որ դահլիճում մնացածներն առարկություններ չունեին, նիստը շարունակվեց:
Փաստաբան Օրբելյանը շարունակեց թվարկել նախկին քրեական օրենսգրքի 300 հոդվածի և գործող քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի միջև տարբերությունները: «Դա նման է սպանությանն ու գողությանը. սուբյեկտը նույն է, իսկ գործողությունները տարբեր են»,- համեմատեց փաստաբանը: Հաշվի առնելով, որ 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ նախկին գործող նախագահին վերագրվող արարքը հանցագործություն չի համարվել, 300.1 հոդվածի կիրառումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ոչ այլ ինչ է, քան նրա իրավունքների կոպիտ խախտում, շեշտեց փաստաբանը:
Շարունակելով գործընկերոջ թեման` Հովհաննես Խուդոյանը նշեց, որ հոդվածի բովանդակության փոփոխությամբ և օրենքի հետադարձ ուժի անհնարինությամբ էր հիմնավորվում դատախազության հրաժարումը քրեական հետապնդում իրականացնել «յոթի գործով»:
Հատկանշական է, հավելեց փաստաբանը, որ ոչ միայն դատախազներն են այդպես համարել, այլ նաև` նմանատիպ բովանդակության միջնորդության ամբաստանյալ ներկայացուցիչները: Այս հոդվածի կիրառումն այս գործով ոչ միայն ներքին օրենսդրության, այլև ՄԻԵԴ-ի նորմերի խախտում է, ասաց փաստաբանը: Խուդոյանը հայտնեց, որ և’ Քրեական օրենսգրքում փոփոխությունների հեղինակները, և’ Վենետիկի հանձնաժողովը, և’ դատախազությունը, իսկ հետագայում նաև` դատարանը կարծիք են հայտնել, որ 300.1 հոդվածը նոր հանցակազմ է բնութագրում, և չի հանդիսանում նախկին քրեական օրենսգրքի 300 հոդվածի փոփոխված տարբերակը:
«Այժմ դատախազությունը կարծում է, որ դատախազությունը և դատարանը ժամանակին սխալ են թույլ տվել: Այս տրամաբանությունը հուշում է, որ օրենքի սխալ մեկնաբանողները պետք է պատժվեն: Դա տեղի չի ունենում: Հետևաբար, դատախազի պնդումները հոդվածների նույնության վերաբերյալ անազնիվ են»,- ամփոփեց Խուդոյանը:
Ըստ նրա` այս դեպքում խոսքը չի կարող լինել իրավագիտության զարգացման մասին, այլ` Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին. ձերբակալությունն ու քրեական հետապնդումը ապօրինի են: «Իրական պատճառը նրանց` որպես քաղաքական հակառակորդ չեզոքացնելն է և պատիժը` օրենքով չնախատեսված հիմքերով»,- ասաց փաստաբանը ՝ հավելելով, որ այս դեպքում մենք կարող ենք խոսել իշխանության չարաշահման մասին:
Այս մասով կան նաև Մարդու իրավունքների կոնվենցիայի խախտումներ, ասաց Խուդոյանը: Փաստաբանը ընդգծեց նաև գործադիր իշխանության ղեկավարի և երկու կարևոր գերատեսչությունների ղեկավարների` ԱԱԾ այժմ արդեն նախկին տնօրենը և ՀՔԾ պետերի, առանցքային դերը, որոնք ուղղորդում և ճնշում են գործադրում դատարանների վրա, որպեսզի վերջիններս ձերբակալեն Ռոբերտ Քոչարյանին և երկարաձգեն նրա կալանավորումը, նույնիսկ` նրա կողմից քննությանը խոչընդոտելու կամ քննությունից խուսափելու իրական սպառնալիքի բացակայության պայմաններում: Այս համատեքստում փաստաբանը հիշեցրեց ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի ղեկավարների հայտնի հեռախոսային ձայնագրությունները:
Փաստաբանը հիշեցրեց, որ հենց դատավոր Դավիթ Գրիգորյանի` Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատելու մասին որոշումից հետևեց դատարաններն արգելափակելու մասին որոշումը: Նրա խոսքով ՝ գործում աննախադեպ թվով խախտումներ կան: Դրանցից յուրաքանչյուրը բավարար է` գործը կարճելու համար:
Արամ Օրբելյանը դատավորին կոչ արեց շեղվել կոնկրետ կերպարներից և, Թեմիսի օրինակով, դատը վարել փակ աչքերով: Փաստաբանի խոսքով` այս պարագայում անհնար կլիներ կիրառել նախկին Քրեական օրենսգրքի 300 հոդվածը` որոշակիության բացակայության պատճառով: Համապատասխանաբար, դրա «բարելավման» մասին խոսելու կարիք չկա, քանի որ 300.1 հոդվածը ն նոր հանցակազմ է նախատեսում: «Շտկել անցյալի սխալները չի հաջողվի, ուստի ես Ձեզ կոչ եմ անում այս պահից դադարեցնել խախտումները»,- հորդորեց փաստաբանը:
Անդրադառնալով նախկին նախագահի անձեռնմխելիության կարևոր թեմային` փաստաբանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ամբողջ մեղադրանքը հիմնված է նախկին նախագահի վրա, դրանից էլ կախված է դատավարության մնացած մասնակիցների դեմ մեղադրանքը: Նա հիշեցրեց Սահմանադրական դատարանի որոշման մասին, համաձայն որի արձանագրված է, որ Քոչարյանի նկատմամբ խախտում է տեղի ունեցել և օրենսդրական բաց կա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սահմանադրական դատարանը քննության էր առել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածի 2-րդ մասի (խափանման միջոց կիրառելու հիմքը) և 35 հոդվածի (հանգամանքները, որոնք բացառում են քրեական գործը կամ քրեական հետապնդումը) համապատասխանության մասին հայտը: 135 հոդվածի 2-րդ մասը սահմանադրական է ճանաչվել, իսկ ՔԴՕ 35 հոդվածը չհամապատասխանող է ճանաչվել Սահմանադրությանը: Սա նշանակում է, որ Քոչարյանի ձերբակալությունն անօրինական է, կարծում են փաստաբանները: Սահմանադրական դատարանի որոշումը չի հաղթահարել անձեռնմխելիության խնդիրը, ասաց փաստաբանը` հավելելով, որ ՍԴ-ն տվել է բանաձևը, իսկ դատարաններն արդեն մեկնաբանում են այն: Հենց այսպես էլ վարվեց Վերաքննիչ դատարանը` մերժելով փաստաբանների բողոքը` առաջին ատյանի դատարանի կողմից Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը մերժելու կապակցությամբ:
Փաստաբանների ելույթի ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչները պարբերաբար փորձում էին հայտարարություններ անել, սակայն դատավորը չէր թույլատրում: Ինչ-որ պահի կրքերը բորբոքվեցին, բայց արագորեն հանգչեցին դատավորի կտրուկ գործողություններից: Շարունակելով իր խոսքը` Օրբելյանը պարզ բառերով բացատրեց Սահմանադրական դատարանի դժվար որոշումը. որոշման բուն էությունն այն է, որ եթե մարդը մեղավոր է, անձեռնմխելիությունը նրա վրա չի տարածվում, պարզապես պետք է ապացուցել մեղքը: «Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության իրավունքը խախտվել է և շարունակում է խախտվել, ինչպես ` անմեղության կանխավարկածը», - շեշտեց Արամ Օրբելյանը:
Փաստաբաններին լսելուց հետո դատավորը մի քանի պարզաբանումներ արեց, օրինակ` արդյոք դիմումը կապված է այլ անձանց հետ, արդյոք այն տարածվում է մեղադրանքի ամբողջ ծավալի վրա:
Հաշվի առնելով, որ աշխատանքային օրը մոտենում է իր ավարտին` դատավորը որոշեց լսել կողմերի տեսակետները հաջորդ նիստին: Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 11-ին` ժամը 13:00-ին:











