Եթե որոշել եք Սահմանադրական դատարանի յոթ դատավորների ուղարկել տուն, ինչո՞ւ դա չեք անում Ազգային ժողովում, այլ ուղարկում եք հանրաքվեի, ՀՀ քաղաքացիներին ուղարկում եք ընտրական տեղամասեր, երկիրը մտցնում եք ընտրական գործընթացների մեջ և նախկին իշխանություններին տալիս եք հնարավորություն մասնակցել ընտրական գործընթացներին և վերակենդանանալ։ Այսօր՝ փետրվարի 6-ին, Սահմանադրական փոփոխություն կատարելու հարցով Ազգային ժողովի արտահերթ նիստին այսպիսի հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով Սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցով զեկուցող Վահագն Հովակիմյանին։
«Սահմանադրական փոփոխությունների ընդունման գործընթացը կարգավորվում է Սահմանադրության երեք դրույթներով՝ 168-րդ հոդված, որը կարգավորում է ՍԴ-ի լիազորությունները, 169-րդ հոդվածը, որը վերաբերում է Սահմանադրական դատարան սահմանադրական փոփոխությունների հարցով դիմողին և 202-րդ հոդված, որը սահմանում է, թե ինչպես է Սահմանադրության փոփոխությունն իրականացվում։ 202-րդ հոդվածում ՍԴ եզրակացության մասին ոչինչ չկա նշված, բայց ամեն դեպքում այս երեք հոդվածները, երբ դիտարկում ենք, իրավաբանները պնդում են, որ ՍԴ եզրակացությունը կարող է բխել Սահմանադրության 2-րդ հոդվածից, որտեղ նշվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է ընտրությունների, հանրաքվեների և ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»։
Էդմոն Մարուքյանը Հովակիմյանին հիշեցրեց, որ ինքն ունի սահմանադրական իրավունքի մագիստրոսի աստիճան, հետևաբար՝ պետք չէ իրեն հիշեցնել Սահմանադրության դրույթները և հորդորեց Հովակիմյանին տալ կոնկրետ պատասխան, թե ինչու են ուզում հանրությանը ներքաշել ընտրական գործընթացների մեջ։ Հովակիմյանն այս հարցին չանրադարձավ։











