Թող իշխանությունը պայքարի, սակայն պայքարի օրենքի շրջանակում: Պետք չէ խախտումներ կուտակել: Այս մասին փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստում Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Պատգամավորի խոսքով՝ դրանից տուժում է միայն Հայաստանը: «Ես 20 րոպե լսում էի տվյալ օրինագծի հեղինակ Վահագն Հովակիմյանի ելույթը, սակայն, ցավոք, որեւէ իրավական հիմք չտեսա: Դա զուտ լրագրողական ելույթ էր, հնարավոր է՝ նույնիսկ պատմական: Սակայն արդյո՞ք նման ելույթներով կարող ենք հիմնավորել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը: Պայքարը, նպատակը հասկանալի են, բայց արդյո՞ք այն միջոցները, որոնք ձեր կողմից օգտագործվում են, մակերեսային չեն: Իմ խորին համոզմամբ՝ մակերեսային են»,- ասաց Սիմոնյանը՝ դիմելով խորհրդարանական մեծամասնությանը:
Արդյունքում, պատգամավորի խոսքով, իշխող դաշինքի պատգամավորները խախտում եւ անտեսում են մի շարք իրավական դրույթներ: Նա նրանց զգուշացրեց, որ գործող իշխանությունը «այդ ամենի տակից չի կարող դուրս գալ»:











