ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանին համար թաշկինակ էր բերել։
«Պարոն Գորգիսյան, ես ձեզ համար նվեր ունեմ, թաշկինակ եմ բերել, սա դրեք ձեր բումերանգի կողքը։ Այստեղ կդնեմ, կվերցնեք»,- ասաց նա։
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է, որ 2018-ի ապրիլից առաջ ընտրված ՍԴ անդամների լիազորությունները դադարեցվում են:
Քրիստինե Պողոսյանն իր ելույթում նշեց, որ չի խոսելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից․
«Չեմ խոսի Թովմասյան Հրայրի մասին։ Ինձ թվում է, որ դուրս գանք ցանկացած մանկապարտեզի կողքով անցնենք, հարցնենք՝ ով է Թովմասյան Հրայրը, կասի՝ չգիտեմ, բայց հաստատ գիտեմ, որ վատ մարդ ա։ Էնպես որ գործընկերներս ասեցին Թովմասյան Հրայրի մասին ամեն ինչ»։
Պատգամավորը դիմեց ՀՀ ժողովրդին՝ ներողություն խնդրելով բոլորի անունից․ «Ես գիտեմ, որ մեկուկես տարվա ընթացքում հսկայական աշխատանք ենք արել՝ թույլ չտալով թալանվել, Հայաստանի բյուջեն հսկայածավալ ճանապարհներ ենք սարքել, զինվորների սնունդի հարցն ենք լուծել, թոշակներ, աշխատավարձներ ենք բարձրացրել, որքանով կարողացել ենք։ Հասկանում եմ, որ շատ հարցերում հապաղել ենք, ոչ ամբողջական եւ կտրուկ լուծում են տվել, չի եղել դրա սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառները»։
Պողոսյանը շնորհակալություն հայտնեց «Բարգավաճ Հայաստան»եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին։
««Լուսավոր Հայաստան» ինչ ասեմ ձեզ, առավոտվանից սեւ ու սպիտակ եք ասում, հատուկ ֆիքսել եմ՝ «Իմ քայլից» որեւէ պատգամավոր սեւ ու սպիտակի անուն չի տվել, բայց դուք սեւ ու սպիտակի տակ եք մնացել, որովհետեւ չեք կարողանում մարսել։ 2018-ի մարտ-ապրիլ ամիսներին այդ ամենն ինքնըստինքյան եղավ։ Եղան մարդիկ, որոնք պատրաստ էին անձնական զոհողություններին գնալով, կորցնելով ամեն ինչ, վերականգնել Հայաստանի ինքնիշխանությունը, եւ եղան մարդիկ, որոնք դեւի պես նստել էին, իրենց գողացածի վրա եւ հրաժարվում էին հեռանալ ու այդպես սեւ-սպիտակ ձեւավորվեց։ Եվ եղան նրանք, ովքեր մնացին լուսանցքից դուրս, ընկերներ դա դուք եք․ լուսանցքից դուրս մնացիք ու ոչ կարողանում եք սեւի մեջ լինել եւ ոչ էլ սպիտակների մեջ եք ձեր տեղը գտնում։ Մոլորվել եք, հասկանում եմ»։











