Մենք պետք է փորձենք առաջ շարժվել ճիշտ իրավաբանական պրոցեդուրաների ճանապարհով եւ եթե պատրաստվում ենք հանրաքվե անցկացնել, ապա հիմնական քաղաքական ուժերը պետք է փոխզիջման գան։ Այս մասին փետրվարի 6-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Սահմանադրությա մեջ փոփոխություններ կատարելու մասին օենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նա նաեւ հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստանը» պատրաստ է լքել խորհրդարանը 24 ժամից, քանի դեռ չեն գտնվել իրավական որոշումներ, որոնց մասին ինքը նախկինում հիշատակել էր։
«Քննարկեք այս հարցը։ Սա իմ առաջարկությունն է ձեզ»,- ասաց խորհրդարանականը՝ դիմելով իշխող քաղաքական մեծամասնությանը՝ «Իմ քայլը» դաշինքին։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը»-ից 44 պատգամավորներ շրջանառության մեջ են դրել ՀՀ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը, որն առաջարկում է նոր խմբագրությամբ շարադրել 2015թ․ դեկտեմբերի 6-ի Սահմանադրության 213 հոդվածը։
Փաստաթղթում մասնավորապես ասվում է․
«Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»:











