Մենք թեստավորման ծավալներն օր օրի ավելացնում ենք. վերջին օրը 400 թեստավորումից 50-ն է հաստատվել: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
«Այսինքն մենք հրապարակում ենք եւ թեստավորվողների թիվը, եւ հաստատված դեպքերի: Այս առումով մեր սկզբունքն է մաքսիմալ թափանցիկությունը: Որպեսզի մարդիկ նույնպես հասկանան եւ ըստ այդմ իրենց պլանները կազմեն»,-ասաց Ավինյանը:
Հարցին, թե արդյոք կընդունեն ընդդիմության առաջարկը՝ պաշտոնյաների պարգեւավճարներնն ուղղել սոցիալական աջակցության ծրագրերին, փոխվարչապետը պատասխանեց. «Կառավարությունում քննարկվում են սոցիալական ծրագրերի բովանդակությունն ու թիրախայնությունը: Միջոցները, որոնցից պետք է այդ սոցիալական ծրագրերն իրականացվեն, կարծում եմ՝ շատ ավելի մեծ գումարների մասին է խոսքը, եւ այսպես ասած, միայն դրա մասին չի կարող խոսք լինել: Այո, մենք բոլորս պետք է այս փուլում պատրաստ լինենք զրկանքների, որովհետեւ իրապես ճգնաժամային իրավիճակում ենք, եւ մեր բնականոն կյանքի վերադարձի ճանապարհին չունենալ էլ ավելի խորը ճգնաժամեր»:





























