Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Ռուսլան Բաղդասարյանը այսօր՝ օգոստոսի 17-ին, ֆեդերացիայի բռնցքամարտի սաների, մարզիչների հետ միասին գնացել էին Երևանում Գարեգին Նժդեհի արձանի մոտ հացադուլ հայտարարած բռնցքամարտի  աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի՝  նրան աջակցելու:

«Աջակցելով հանդերձ եկել ենք խնդրելու, որպեսզի պայքարի այս մեթոդը փոխի, քանի որ այսպես նա քայքայում է իր առողջությունը, բայց նա մեզ շատ է պետք»,- ասաց Ռուսլան Բաղդասարյանը:

Իսրայել Հակոբկոխյանի ընկերներից մեկ այլ բռնցքամարտիկ էլ ասաց, որ Հակոբկոխյանը և´ պատերազմի դաշտում է կռվել ու  պայքարել և´  ռինգում, սակայն ոչ  մեկին ցույց չի տվել, որ նա Արցախյան պատրերազմի մասնակից է. «Ամենակարևորը մենք սատարում ենք մեր ընկերոջը և ցանկանում ենք, որ նա շուտ  դադարեցնի հացադուլը և ուրիշ կերպ իր պայքարն սկսի, քանի որ իր առողջությունը շատ կարևոր է բոլորիս համար, մենք դերասան չենք, բռնցքամարտիկը չի կարող  դերասան լինել, մենք աչքերի մեջ նայելով ենք ասում մեր խոսքերը,  քեզ առողջություն, սիրելի Հակոբկոխյան, մենք քեզ սպասում ենք բռնցքամարտի  դահլիճում»,- ասաց նա:

Իսրայել Հակոբկոխյանը ասաց, որ իր այս քայլով, իր երեխաների մասին մտածելով, մտածում է նաև բոլոր հայ երեխաների մասին. «Իմ  նպատակն այստեղ մնալը չէ, այլ այն, որ մեր քաղաքական գործիչները հավաքվեն ու մտածեն՝ ինչպես անեն, որ այս  հիմար իրավիճակից դուրս գանք, ես էլ հաջորդ պահին կգնամ իմ տուն, հաց կուտեմ ու կգնամ մարզադահլիճ, ինձ այնտեղ սպասում են»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ  բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը օգոստոսի 12-ից հացադուլ է  հայտարարել՝ ընդդեմ իշխանությունների քաղաքականության, որը, ըստ Իսրայել Հակոբկոխյանի՝ ոտնահարում են մեր ազգային  արժեքները:  Նա բողոքում է  Ստամբույլան կոնվենցիայի վավերացման, Լանզարոտեի կոնվենցիայի, Ամուլսարը բացելու և այլ հարցերի դեմ։