Եթե հետեւեք դատախազության հաղորդագրություններին, կտեսնեք, որ վերջին 2 տարում տասնյակ եւ հարյուրավոր բացահայտումներ են եղել մեր ոլորտում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ դրանք վերաբերում են տասնյակ ու հարյուր միլիոնավոր չարաշահումների, եւ պաշտոնյաների, որոնք թույլ են տվել այդ չարաշահումները:
Անդրադառնալով մոտ մեկ տարի առաջ ՀՅԴ երիտասարդների՝ իր հրաժարականի պահանջին, երբ վերջիններս արկղեր էին բերել իր իրերն հավաքելու համար, ինչին ի պատասխան նախարարը նշել էր, որ պատրաստվում է լցնել տասնյակ քրեական գործերով այդ արկղերը եւ հետ ուղարկել Դաշնակցությանը, հարցին՝ ինչո՞ւ չի արել, նա պատասխանեց, որ դա պարզապես տեխնիկայի հարց է, որովհետեւ կարելի է անել մի քանի ժամում:
«Ինչո՞ւ, որովհետեւ կարելի է վերցնել այդ ցանկը դատախազությունից, սիրուն արկղիկներով փաթեթավորել այդ գործերի անվանումները եւ ուղարկել Դաշնակցությանը: Այն ժամանակ չեմ արել, որովհետեւ իրենք հանգստացան եւ գնացին տներով, եւ ես ավելորդ չէի ցանկանում, որ իրավիճակը այդ ուղղությամբ բարդանա, բայց եթե նրանք շարունակեն, ես էլ կվերանայեմ իմ գործելաոճը: Դրանք ցանկերով կախված են դատախազության կայքում, այսինքն բոլորը վերաբերում են նախորդ իշխանությանը, այդ թվում դաշնակցական նախարարի օրոք տեղի ունեցած չարաշահումներին»,- ասաց Արայիկ Հարությունյանը:











