Նախ մտահոգություն չունեմ այն պարզ պատճառով, որ ես վստահ չեմ, որ այդ հանրահավաքը կարդարացնի իրենց սպասելիքները, և երկրորդ՝ քաղաքական ուժեր են և հանրահավաքն էլ քաղաքական պայքարի մի ձև է, ասելիքը տեղ հասցնելու, այնպես որ ինչո՞ւ պետք է մտահոգվենք։ NEWS.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հոկտեմբբերի 8-ին նախատեսվող ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների համատեղ հանրահավաքի մասին հայտարարությանը։
«Հետաքրքիր կլինի տեսնել, թե հանրահավաքը ինչպիսի կառուցվածք կունենա՝ մարդկային ներկայության առումով։ Եթե իրենք զգան, որ հավաքված բազմությունը արդարացրել է իրենց սպասելիքները, իրենց խոսքը ասեն և եթե իրենք շտապում են և չեն կարող սպասել մինչև հերթական ընտրությունները, ապա իրենց նպատակը այն պետք է լինի, որ մեծ ալիք բարձրացնելու արդյունքում հասնեն արտարհերթ ընտրությունների, և դա կերևա, պայքարի ձև է, ինքս ներքին համոզմունք ունեմ, որ չի ստացվի, որովհետև «Հայրենիքը» նոր ուժ է և էն բազան հասարակության մեջ չունի, ԲՀԿ-ն վարկաբեկված ուժ է նաև իր վերջին դրսևորումներով, և չեմ կարծում, որ ժողովրդի մեջ մեծ հենարան ունեն, չնայած բազմաթիվ քաղաքացիներ կարող են լինել, որոնք դեմ են մեր վարած քաղաքականությանը, բայց դա չի նշանակում, որ իրենք կգնան ու կսատարեն այդ ուժերին։ Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա այն վարում է պատեհապաշտական քաղաքականություն և այդ իմաստով բավականին ցածր է նրանց ռեյտինգը։ Հետևաբար, իրենք չեն կարող ունենալ այն հաջողությունը, ինչ ակնկալում են»,- ասաց պատգամավորը։
Չնայած հնչող քննադատություններին, որ իշխանությունները տապալել են համաճարակի դեմ պայքարը, տնտեսական, սոցիալական քաղաքականությունը, Հովիկ Աղազարյանը հակադարաձում է, որ Հայաստանը այն երկրների շարքում է լինելու, որոնք ամենամեղմ կորուստներով են դուրս գալիս կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամից։
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հայտարարությանը, թե իշխանական քարոզչամեքենան շրջանառության մեջ դրեց այն թեզը, որի համաձայն առաջիկա երկու օրերի ընթացքում Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի, քանի որ հենց այսօր հայտնի դարձավ, որ վաղը՝ սեպտեմբերի 23-ին, քննվելու է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը, Հովիկ Աղազարյանն ասաց, որ ԲՀԿ-ն նախահարձակ է լինում։
«Նախահարձակ են լինում, որ տեսեք հանրահավաք է լինելու, դրա համար այսպիսի քայլեր են անում։ Եթե դատարանը բավարարի ԱԱԾ միջնորդությունը, ապա «Հայրենիքի» և Դաշնակցության ղեկավարները հանրահավաքի ժամանակ կոչ կանեն, թե տեսեք՝ ժողովուրդ, մեր երկրում քաղաքական հետապնդումներ են և դա կօգնի իրենց երևակայած քաղաքական ալիքին է՛լ ավելի թափ հավաքել, այնպես որ չարժե դա շահարկել։ Հիմա ի՞նչ անենք, մենք քայլ չկատարենք, որ չասեն՝ սա անում են, որովհետև․․․․, չկա նման բան, մենք ոչինչ չենք անելու ժողովրդին հաճոյանալու համար, մենք ամեն ինչ անելու ենք ժողովրդի համար»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017 թվականի ընտրություններում կաշառք բաժանելու համար։ Հովիկ Աղազարյանի դիտարկմամբ՝ բոլորն էլ գիտեն, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել։ Հարցին, թե հեղափոխություն է եղել, ինչպե՞ս ստացվեց, որ ընտրակաշառք բաժանած ուժը հայտնվեց խորհրդարանում, իշխող ուժի պատգամավորն արձագանքեց․
«Ես, կներեք, հերոս եմ, ես հերոսություն եմ անում, դա իմ էությունն է, որ ես հերոս լինեմ, բայց ես հո չեմ կարող պահանջել, որ դուք էլ հերոս լինեք։ Դուք հերոս չեք, ձեր իրավունքներն ու պարտականություններն իմանալով՝ դուք ապրում եք որպես շարքային քաղաքացի և լինելով այն պայմանների ազդեցության տակ, ընկել եք այս կամ այն հոսանքի ազդեցության տակ, հիմա ես՝ հերոսս, եկել եմ իշխանության, պիտի՞ ասեմ՝ քանի որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել, բոլորին լցնում ենք ինչ-որ համակենտրոնացման ճամբար, չի լինում էդպես, որովհետև մարդուն միշտ պիտի շանս տաս»,- ասաց Հովիկ Աղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։











