Մեր պահանջն է՝ Բերձորի կարգավիճակի հստակ պատասխան. Բերձորը հայկակա՞ն է, թե՞ ոչ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, բողոքի ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց Բերձորի բնակչուհի Նելլի Թաթոսյանը։

«Եթե Բերձորը հայկական չի, ապա ավելի լուրջ խնդիրներ է բխում Արցախի այն մնացած հատվածի համար, ինչ թողել են այսօր։ Եթե Բերձորը հայկական է՝ ինչո՞ւ չեն բարձրաձայնում, եթե Արցախի տարածք է, ուրեմն պետք է երաշխավորվի անվտանգությունը, պետք է աշխատեն ենթակառուցվածքները, եւ բնակիչները գնան, բնակվեն իրենց տներում»,- ասաց նա։

Բերձորցու խոսքով՝ այդ հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններն իրարամերժ են. «Ես այնտեղից դուրս եմ եկել ամսի 30-ին, ժամը՝ 18։21-ին, այնտեղի տպավորությունն այնպես էր, որ հեչ էլ հայկական չի մնում։ Մարդկանց այնքան անորոշ պատասխաններ էին տվել, որ մարդիկ իրենց դռներն ու լուսամուտներն էին քանդում, որոշներն անգամ չէին հասցնում քանդեին, որովհետեւ արդեն թալանված էր»։

Նա ասաց, որ անգամ գազի խողովակներն են կտրում, մոնտաժում՝ հարակից գյուղերի էլեկտրասյուները. «Եթե 2 կիլոմետր աջ ու 2 կիլոմետր ձախ թշնամին է բնակվում, անգամ նեյտրալ գոտի չկա, ուրեմն վտանգավոր է այնտեղ ապրելը։ Գոնե էս ձմեռը ժողովուրդը կարողանա հանել, անտեր վիճակում է մնացել»։