Ես հիմա պնդում եմ, որ ԱԺ-ն հայտարարություն անի ու իր անհամաձայնությունը հայտնի, որ այդ հայտարարությունը չդառնա Լեռնային Ղարաբաղի լուծման կոնցեպտը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7–ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանն` անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի համատեղ հայտարարությանը։

«Մենք պետք է փորձենք հիմա ընդդիմության հետ միասին, միտինգում ամենածայրահեղ ելույթ ունեցողի հետ միասին, այնպես անենք, որ այդ հայտարարությունը համարվի միայն ու միայն պարտադրված զինադադարի պայմաններ, որն ուղղակի փրկեց հազարավոր կյանքեր: Եղավ այդ զինադադարի հայտարարությունը, լավ, հետո՞ ինչ, եղավ անարդարություն առնվազն Արցախի հայության հանդեպ: Կամ հայտարարության այն մասը, որտեղ նշված է, որ փախստականները պետք է վերադառնան իրենց տները, դա միայն ադրբեջանցիների՞ն է վերաբերվում, հադրութցիներին, շուշեցիներին դա չի՞ վերաբերվում, մյուս գյուղերից դուրս եկածների՞ն, իհարկե, վերաբերվում է։  Մենք դա պետք է ձեւակերպենք՝ որպես պահանջ՝ պատերազմից դուրս»,– նշեց նա։

Իշխող ուժի պատգամավորի համոզմամբ՝ ցանկացած փաստաթուղթ, որը ստորագրված է պատերազմի գործողությունների ժամանակ, չի կարող համարվել պայմանագիր, որովհետեւ բանակցելու համար պատերազմը պետք է դադարեցվի ու սկսեն բանակցություններ:

«Ես, ճիշտն ասած, սպասում էի, որ մեր բարեկամ, դաշնակից Ռուսաստանը այսպես վարվի, բոլոր ջանքերը գործադրի, իր ուժը, պարտավորությունը գործադրի զինադադար հաստատելու համար, որ արդեն ոչ պատերազմական իրավիճակում մենք շարունակենք բանակցությունները: Ես դա համարում եմ անարդար պարտադրված զինադադարի փաստաթուղթ:

Մանրամասները՝ տեսանյութում: