Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ է արել, որ այդ հայտարարությունը ստորագրել է, 30 հազար զինծառայող տղա չգա՞ր հասներ իր օջախին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զինվորական համազգեստով աջակիցներից մեկը:

«Այդ 30 հազարից մեկն էլ ես եմ եղել, չգայի՞ հասնեի իմ տուն, իմ երեխաներին փաթաթվեի: Էն տոֆտեքը գոռում են հրապարակում, թող գային ինձ հետ պատրոն լցնեին, ջուր բերեին, հաց բերեին: Սոված, ծարավ մնացել  էինք այնտեղ, իսկ իրենք կառավարության շենք են մտնում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ հանձնվել են նաեւ այն տարածքները, որտեղ տարածքային կորուստ չենք ունեցել, փամփուշտ չի կրակվել, օրինակ Քարվաճառը, վարչապետի աջակիցն ասաց. «Մեզ մոտ հանձնված տարածք չի եղել, մենք սաղ կրվել ենք»:

Ճշտմանը, թե Քարվաճառի մասին է խոսքը,Դուք ասեցիք, որ Ջեբրաիլում եք ծառայել, պատասխանեց. «Քարվաճառը Ջաբրաիլն է,  ո՞նց ոչ, խառնեցի՝ Քելբաջարն է Ջաբրայիլը: Կարող է խառնում եմ, բայց հարյուր տոկոս Քելբաջարում 98 հոգի 8 կմ գիծ ենք պահել, ես իմ գումարտակի սպառազինության պետն եմ եղել և եղել եմ մեր վաշտի սպառազինության պետը: Ես եմ մատակարարել զենքը հետևներից գնացել եմ, սաղին փրթել ենք 1200 հոգի պառկացրել ենք 98 հոգով»: