Կառավարության մոտ այսօր՝ դեկտեմբերի 8–ին միաժամանակ հավաքվել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները և Փաշինյանի աջակիցները։
Փաշինյանի մի քանի տասնյակ աջակիցների շարքերում էին նաեւ «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամները, որոնք զրահակաճկոնի համար նախատեսված ժիլետներ էին կրում, նաև ռացիաներ։
Ավելի վաղ «Հեղափոխության պահապանների» ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր կոչ–ուղերձ՝ դուրս գալ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի։
Փաշինյանի աջակիցների և հակառակորդների միջև վիճաբանություն տեղի ունեցավ։ Փաշինյանի աջակիցները վիճեցին նաև լրագրողների հետ, վիրավորեցին armnews-ի նկարահանող խմբին, սկսվեց վիճաբանության, միջամտեցին ոստիկանության աշխատակիցները։
«Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր–անդամ Հայկ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականով երկրի վիճակն ավելի անկայուն կդառնա։
«Հարցնում են՝ այդ փաստաթղթից բողոքում եք, փոխելո՞ւ եք այդ փաստաթուղթը, ասում են՝ չենք փոխելու, բայց եկեք մենք գնանք բանակցելու։ Դուք 30 տարի ունեցել եք բոլոր հնարավորությունները բանակցելու, դուք բանակցել եք 7 շրջանները հանձնելու մասին, պարտվողական դիրքերից եք բանակցել։ Վարչապետին ժառանգություն է եկել մի փաստաթուղթ, որում գրված է, որ նա 7 շրջան պիտի վերադարձնի»,– ասաց նա։











