Հայաստան են վերադարձել հինգ գերիներ։ Լուրը նախ ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Ավինյանը նշել է, որ գերիները վերադառնում են ռուսական կողմի միջնորդությամբ եւ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ջանքերով, բայց չի մասնավորեցրել՝ նրանք ռազմագերիներ են, թե՞ քաղաքացիական անձինք։ Դեժավյու տելեգրամյան ալիքը հրապարակել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է Էրեբունի օդանավակայանում վայրէջք կատարում հինգ հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը։ Փոխվարչապետը նաև տեղեկացրել է, որ այսօր գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողները հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ։ Խոսքն, ըստ ամենայնի, նոյեմբերի 9–ից հետո Խծաբերդում գերեվարված զինծառայողների մասին է, որոնց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համարում է ոչ թե  գերիներ, այլ դիվերսանտներ։

Երեկ Արցախի փրկարարները  հայտնաբերել են ևս 3 զոհված զինծառայողի աճյուն:

Աճյուններից երկուսը հայտնաբերվել են Մարտունու, մեկը՝ Ջրականի  շրջաններից: Զինադադարից հետո՝ նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1321 աճյուն:

Հունվարի 28-ը Հայկական Բանակի ծննդյան օր հռչակելուց ի վեր, առաջին անգամ  Հայկական Զինված ուժերի տարեդարձը չի նշանավորվել տոնական միջոցառումներով։  Առավոտյան  վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ժամանակ կորցրել է ինքնատիրապետումը Շուշիի մասին լրագրողի հարցից։ Լրագրողը, դիմելով նրան, ասել է. «Այստեղ թաղված են նաեւ Շուշիի համար պայքարողները, իսկ դուք հայտարարել եք, որ Շուշին ադրբեջանական քաղաք է»:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Ազգային Ժողովում Փաշինյանը հռետորական հարց էր հնչեցրել, թե արդյոք Շուշին հայկական է, քանի որ մինչեւ հակամարտությունը սկսվելը նրա բնակչության 90 տոկոսից ավելին ադրբեջանցիներ էին: Այն մասին, որ մինչեւ Ադրբեջանի խորհրդայնացումը, Շուշիում բնաջնջվել էր հայ բնակչությունը, նա չէր հիշատակել:

Բանակի օրն առաջին անգամ հոգեւոր դասն առանձին է այցելել Եռաբլուր։ Գարեգին Երկրորդ հայրապետը՝ հերոս նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց եւ աղոթքից հետո, լրագրողների հետ զրույցում պատասխանել է  հարցին, թե ինչու նախորդ իշխանությունների բացթողումների ժամանակ չէր պահանջում նրանց հրաժարականը․ «Երկիրը երբեք այսպիսի ծանր վիճակում չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել, երկիրը երբեք նման վտանգների առջեւ կանգնած չի եղել», ասել է նա։ Արդյոք շարունակո՞ւմ է պահանջել վարչապետի հրաժարականը:

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը վստահ է՝ հայկական բանակը նորից կարող է դառնալ մարտունակ: Հարցին, թե ինչո՞ւ պարտվեցինք, գեներալ-գնդապետն  արձագանքել է. «Նիկոլին հարցրեք»:

Առաջին հերթին մենք պետք է ազատվենք բանակի գլխավոր հրամանատարից, որովհետեւ նա այլեւս պարտության սիմվոլ է, իսկ մեր բանակը պարտված չէ, «Եռաբլուրում» ասել է «Մարտական խաչի» ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

Ավելի ուշ Բադասյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն եւ հարցաքննել։

Վաղ առավոտից Երեւանի գրեթե բոլոր վարչական շրջանների կենտրոնական փողոցներում, կանգառներում ու մետրոյի կայաններում տարածվել են «Վերացնել դավաճանին» գրությամբ թռուցիկներ։ Թռուցիկների մյուս կողմում գրված է «Հարված», որը, ենթադրաբար ակցիան իրականացրած խմբի անունն է:

Երեկ երեկոյան 3 լրատվամիջոցների հետ հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարզաբանել է, թե ինչու Վազգեն Մանուկյանին սատարելով հանդերձ, ավելի ակտիվ չի եղել․ քանի որ «Իմ քայլը» խմբակցության համար ինքը մի մարդ է, որին իրենք երկու տարի պահել են բանտում, եւ իր իշխանության դեպքում սուրը հանելու է եւ  վրեժխնդիր լինի։ Այդպես են մտածում, քանի որ իրենք հավանաբար այդպիսինն են՝ ասել է Քոչարյանը։ Նրա խոսքով՝ իրենք ունեն քաղաքական պայքարի անհրաժեշտ  գործիքակազմն ու թիմը։ Ճիշտն այն կլիներ, որ այս թիմը հեռանար, սակայն նույնիսկ չհեռանալու դեպքում, նրա կարծիքով՝ արտահերթ ընտրություններում ժողովրդին միայնակ չի կարելի թողնել այդ թիմի հետ։

Օրախնդիր բազմաթիվ հարցերի թվում, Ռոբերտ Քոչարյանն ասել է նաեւ, թե ինչն է իրեն ամենաշատը զարմացրել պատերազմի օրերին․  Արցախի նախագահական շենքից մոտ 200 մետր շառավղով ոչ մի հրթիռ չի ընկել. ամենաանվտանգ տեղը եղել է այդ տարածքը։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր ադրբեջանցիներին հետաքրքրում Շուշիի մշակույթի տունը, որտեղ ոստիկաններն էին հավաքված, երկու ճշգրիտ հարվածով հողին են հավասարեցրել, տասնյակ մարդիկ են զոհվել, ինչո՞ւ էր նրանց հետաքրքում Ջալալի գրասենյակը, Ջալալի մեքենան՝ մոտ 60 կմ/ժ արագությամբ ընթանալուց, ինչո՞ւ էր հետաքրքրում Ղազանչեցոց եկեղեցին, իսկ նախագահի շենքի մեկ պատուհան չի կոտրվել, ասել է Քոչարյանը, և նշել, որ պատերազմի օրերին այնտեղ էին  Փաշինյանի ամենամոտ թիմակիցները, նաեւ ասել, թե չի կարծում, որ Ադրբեջանը խնայում էր Արայիկ Հարությունյանին։

Բանակի տարեդարձի առիթով իր ուղերձում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը գրել է․ «Հայո՛ց բանակ, մեր սիրելի՛ զավակ։ Մեր ժողովուրդն իր զավակին մեծացրել է զրկանքների գնով,  հայրենանվեր զավակ  դաստիարակել: Իմ մարտական ընկերների և զինակիցների անունից ասում եմ քեզ՝ դու չե´ս պարտվել, քեզ դավել են, թիկունքից հարվածել, ծանր վիրավորել են, բայց դու անմնացորդ կատարել ես քո պարտքը: Թշնամին, որ մշտապես քեզնից վախեցել է, լավ գիտի, թե ինչ նենգ միջոցներով է իր նպատակին հասել: Բայց դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է»: Սերժ Սարգսյանն ի դեպ, այս օրերին բուժվում է կորոնավիրուսից։

Հայաստանում COVID-ով վարակվելու 242 նոր դեպք է գրանցվել: Մեկ օրում մահացել է 12 վարակակիր, որոնցից մեկի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը  կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 3829 է:

Իշխանափոխության պահանջով ցուցարարների եւ ոստիկանների միջեւ կառավարության շենքի առջեւ երեկոյան բախումներ են սկսվել։ Հանրային գործիչները ժամը 15-ից նախ կարճատեւ հանրահավաք են անցկացրել Հանրապետության հրապարակում, ապա շարժվել դեպի Դատախազության շենք, որտեղ պահանջել են, որ Արթուր Դավթյանը Փաշինյանին ձերբակալելու որոշում կայացնի։ Այստեղ ոչ ոք նրանց չի արձագանքել եւ ցուցարարները վերադարձել են կառավարության շենքի մոտ։ «Հայոց ազգային գվարդիա» կազմակերպության ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը նշել է, որ գալիս են ազատագրելու գործադիրի շենքը թշնամիներից։ Իրավիճակը լարվել է, երբ ցուցարարները փորձել են մուտք գործել կառավարության շենք։ Զաքարյանը և ևս երկու տասնյակ մարդ բերման է ենթարկվել, կազմակերպիչներն ասել են, որ կվերլուծեն կատարվածը եւ կասեն իրենց հաջորդ քայլերի մասին։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.10 դրամով ու կազմել  518.16 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.43 դրամով ու կազմել 628.06 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.80 դրամով ու հասել 711.59 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով ու հասել 6.89 դրամի:

Հունվարի 29-ին Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն: Առաջիկա 2 օրերին եղանակը աստիճանաբար կտաքանա եւս 5-6 աստիճանով: Երեւանում հնարավոր է թույլ ձյուն: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ 0+2