Մերկապարանոց հայտարարություններ են, չեմ ցանկանում մեկնաբանել դրանք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգյսնաի հայտարարությանը, թե այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր, ինչպես նաեւ  ղարաբաղցիների դեմ։

«Երբ որ ասում է, որ ենթադրենք, հակաղարաբաղյան շարժում էր, պետք է դրան ինչ-որ ապացույցներ լինեն։ Ես էլ օրինակ, կարող եմ ասել, որ իր կառավարման տարիները հակաղարաբաղյան կառավարում էր, որովհետեւ այդ տարիների ընթացքում որեւէ լուրջ, խոշոր ներդրում Արցախում տեղի չունեցավ, ինչո՞ւ չարվեց դա»,-նշեց պատգամավորը։

Լրագրողները հիշեցրեցին որոշ ճանապարհներ կառուցելը,  ինչին Հակոբյանն արձագանքեց, թե կարող էր շատ ավելին լինել։

Լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ Սերժ Սարգսյանը հարցազրույցում չի բացառել, որ Իլհամ Ալիեւը յոթ շրջանները վերադարձնելու դիմաց հինգ միլիարդ դոլարի առաջարկ է արել վարչապետ Փաշինյանին, իշխող ուժի պատգամավորն ասաց, թե որեւէ տեղեկություն չունի այս կամ այն գումարի եւ նման առաջարկության մասին։

Լրագրողը  մեջբերեց նաեւ երրորդ նախագահի հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը բանակցությունները փակուղի տարավ, երբ պայման էր դնում, որ Արցախը պետք է բանակցությունների կողմ լինի՝ արհամարհելով համանախագահներին, ի պատասխան Հրաչյա Հակոբյանն արձագանքեց․

«Ներողություն, ո՞ր բանակցային գործընթացը, այն բանակցային գործընթացը, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, այդ բանակցային գործընթացը ստոպ տվեց եւ նոր բանակցային գործընթաց սկսեց՞»։

Դիտարկմանը, թե իրենց իշխանության ժամանակ շատ ավելի տարածքներ հանձնվեցին Ադրբեջանին, Հրաչյա Հակոբյաննն ասաց․

«Իսկ ի՞նչ պետք է արվեր, գնայի՞նք այդ բանակցությունների ճանապարհով, որով գնացել էր Սերժ Սարգսյանը։ Իհարկե, մեր իշխանությունը  վատ ժառանգություն է ստացել։ Եթե բանակցությունները այդ ճանապարհով էին գնում, այդ դեպքում ինչո՞ւ ժողովրդին չէին պատրաստում դրան, ինչո՞ւ էին, օրինակ, գնում, բանակցում, որ պետք է էդ 7 շրջանները վերադարձվեն, եւ գալիս այստեղ ասում էին, որ ոչ մի թիզ թշնամուն։ Պետք էր ուղղակի, եթե այդպիսի գործընթաց էր տեղի ունենում, համահունչ տրամադրություն ստեղծել հանրության մոտ»,- հավելեց նա։