Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կտրուկ սրվեց, երբ Նիկոլ Փաշինյանը, չհանդուրժելով ռուսական արտադրության «Իսկանդերի» արդյունավետությունը կասկածի տակ դնող իր հայտարարության հետ Տիրան Խաչատրյանի անհամաձայնությունը, երեկ ուշ երեկոյան հեռացրեց նրան ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Սա վերջնականապես լցրեց բանակի հրամկազմի համբերության բաժակը. առավոտյան  գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջեց վարչապետի ու կառավարության հրաժարականը՝ ընդգծելով, որ վարչապետը որոշումը կայացրել է առանց Հայաստանի ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա: «Վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝  զինված ուժերը պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, որի զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքը, այդ թվում Արցախը»,– ասվում էր ԳՇ հայտարարությունում: Հայտարարությունը ստորագրել են գլխավոր շտաբի բոլոր գեներալներն ու վարչությունների պետերը, բանակային բոլոր կորպուսների հրամանատարները։

Շատ չանցած Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր մտավ ու հայտարարեց, թե ստորագրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու համար անհրաժեշտ թղթերը։ Մինչեւ այդ  Փաշինյանը գրառում էր արել՝ նշելով, որ Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ և իր կողմնակիցներին հրավիրում է Հանրապետության Հրապարակ: Նրա հայտարարությունը քաղաքագետներն ու փորձագետները անվանել են քաղաքացիական բախումների և արյունահեղության տանելու փորձ։

Փաշինյանի կոչից հետո կառավարության մոտ հավաքվեցին նրա աջակիցները, նրանց մոտ իջավ վարչապետը։  Նա հայտարարեց, որ իր հրաժարականը հարցի լուծում չի կարող լինել, նաև կարծիք հայտնեց, որ հրամանատարներին ներքաշել են այս գործընթացի մեջ։ Ավելի ուշ Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ Գլխավոր շտաբի այսօրվա պահանջը չի ընդունվել որեւէ մեկի դրդմամբ կամ ճնշման տակ։

Դրանից հետո Փաշինյանը քայլերթով անցավ  Երևանի կենտրոնական փողոցներով։ Ըստ ականատեսների՝ Փաշինյանի կողմնակիցների շարքում շատերը քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին։

Չնայած սադրանքներին չտրվելու եւ մարդկանց բախումների չտանելու բազմակի կոչերին, այնուամենայնիվ, Փաշինյանի կողմնակիցների եւ նրա հրաժարականը պահանջողների միջեւ բազմաթիվ բախումներ են եղել։

Ժամը 16-ին Փաշինյանը հանրահավաք արեց Հանրապետության հրապարակում, որտեղ հայտարարեց՝ վերջ թավիշին։ Նա ասաց, որ պատրաստ է քաղաքական կոնսուլտացիաներ սկսել քաղաքական ուժերի հետ, կոչ արեց նրանց դադարեցնել ակցիաները, ապա սպառնաց. «Շարունակ հանրահավաք անեք, մենք էլ կանենք հանրահավաք։ Քաղաքական հայտարարությունների չափերն անցնեք, կձերբակալենք օրենքով»։

Փաշինյանը խոսեց նաև ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու՝ նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրած իր առաջարկի մասին։ Նրա խոսքից պարզ դարձավ՝ Արմեն Սարգսյանը չի շտապում ստորագրել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանը։

Ավելի ուշ Արմեն Սարգսյանի աշխատակազմը տարածեց հայտարարություն, որում նշվում էր՝ ստեղծված իրավիճակում որևէ մեկը որևէ ձևով չպետք է փորձի նախագահին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ: Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ։ Աշխատակազմը նաև հիշեցրեց՝ ըստ Սահմանադրության, Հանրապետության նախագահն ունի եռօրյա ժամկետ իր դիրքորոշումն արտահայտելու համար:

Հանրապետության հրապարակում իր աջակիցների առջև ելույթ ունենալուց հետո Նիկոլ Փաշինյանը երթով շարժվեց Տիգրան Մեծի պողոտայով: Նիկոլ Փաշինյանին երեք օղակով շղթայի մեջ էին վերցրել անվտանգության աշխատակիցները, զինվորական համազգեստով մարդիկ ու ոստիկանները։ Նրանք թույլ չէին տալիս, որ աջակիցները մոտենան Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էին կինը, ավագ դուստրը, որդին։ Երթն ավարտվեց Գարեգին Նժդեհի փողոցում։ Փաշինյանն աջակիցներին հրաժեշտ տվեց ոստիկանական պատի հետևից ու ավտոշարասյունով հեռացավ։

Երեկոյան հայտնի դարձավ, որ հայկական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում հասարակական կարգի եւ հանդարտության պահպանմանը, օրենքի շրջանակում իրավիճակի կարգավորմանը: ՌԴ նախագահը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել։

Ի դեպ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ հեռախոսազանգի մասին երկու երկրների ղեկավարների կայքերում տեղադրված մամուլի հաղորդագրություններում նկատվել է ակնհայտ անհամապատասխանություն: Բանն այն է, որ ՀՀ վարչապետի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշված է հետեւյալ արտահայտությունը՝  «նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին եւ հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ», ինչը բացակայում է ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում:

Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր՝ Կրեմլում տագնապով հետեւում են հայաստանյան զարգացումներին, սակայն տեղի ունեցողը համարում են Կովկասում Ռուսաստանի համար կարեւոր եւ մտերիմ դաշնակից երկրի ներքին գործը։

Ի տարբերություն Մոսկվայի՝ Անկարան ջանք չի թափել իր հայտարարությունում անկողմնակալություն դրսևորելու։ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է. «Թուրքիան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները որպես հեղաշրջման փորձ է գնահատում եւ խստորեն դատապարտում է այն»։ Վերլուծաբանների խոսքով՝ այս հայտարարությամբ Անկարան աջակցություն է հայտնել Փաշինյանի կառավարությանը։

Երեկոյան աղմկահարույց հայտարարություն է արել ՌԴ ՊՆ–ը։ «Իսկանդեր» հրթիռային համակարգը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չի օգտագործվել: «Ըստ մեր ունեցած օբյեկտիվ եւ հավաստի տեղեկությունների, որը հաստատվել է նաեւ օբյեկտիվ վերահսկողության համակարգով, այս տեսակի հրթիռային համակարգերից ոչ մի հատ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չի օգտագործվել»,- նշել է ռազմական գերատեսչությունը: Նախարարությունում կարծում են, որ Հայաստանի վարչապետին թյուրիմացության մեջ են գցել՝ համալիրների օգտագործման հետ կապված: Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «տարակուսանքով ու զարմանքով» են ծանոթացել Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում օգտագործված «Իսկանդեր» հրթիռները «չեն պայթել կամ պայթել են միայն 10%-ով»։

Բանակին զորակցություն հայտնելու համար Ժամը 15–ին Ազատության հրապարակում հավաքվեցին ընդդիմադիրները։ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց՝ այս իշխանությունն արդեն հոգեվարքի մեջ է, եւ փորձում է ժողովրդին ուղղել բանակի դեմ:

Ծափողջույնների ներքո հանրահավաքին է միացել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը: Նա ասել է, թե իր լսածով՝ ինչ-որ զինված խումբ ցանկանում է գնալ Գլխավոր շտաբ եւ բռնել գեներալներին։

Ելույթներից հետո կազմակերպիչները հավաքվածների հետ միասին երթով շարժվել են դեպի Ազգային ժողով։ Նրանք հայտարարել են, որ ԱԺ բոլոր մուտքերը շրջափակած են պահելու այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա։ Այս պահին Բաղրամյան պողոտայում վրաններ ու վառարաններ են տեղադրված, քաղաքացիները գիշերելու են այնտեղ, տարածքը հսկում են մեծ թվով ոստիկաններ։ ԱԺ դարպասներից ներս անվտանգության աննախադեպ միջոցառումներ են իրականացվում։ Բակում փշալարեր են տեղադրվել, տարածքը հսկում են ավտոմատավոր հատուկջոկատայինները։

Նշենք, որ բանակին իրենց աջակցությունն են հայտնել ոստիկանության և ԱԱԾ մի շարք բարձրաստիճան սպաներ, այդ թվում՝ պաշտոնաթող, Արցախի գեներալները։

Հայտարարություն է տարածել նաեւ Մայր Աթոռը՝ կոչ անելով նախագահին, վարչապետին և բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ։ «Մեղադրանքների և քաղաքական հաշվեհարդարների չընդհատվող կոչերը վտանգում են ազգային միաբանությունն ու անվտանգությունը։ Մայր Աթոռը անթույլատրելի և կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը՝ կոչ անելով մեր ժողովրդին չտրվել սադրանքներին և զերծ մնալ քաղաքացիական բախումներից», նշված է Մայր Աթոռի հայտարարությունում։

Երեւանում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել միջնորդ դառնալ քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում։ «Ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով»,-նշել  նա:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.52 դրամով ու կազմել 526.97 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.59 դրամով ու հասել 643.96 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.32 դրամով ու հասել 746.93 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը՝  7.16 դրամ 1 ռուբլու դիմաց:

Հանրապետության տարածքում փետրվարի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Եղանակը փետրվարի 26-28-ը կբարձրանա 5-15 աստիճանով։ Երեւանում եւս տեղումներ չեն լինի։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի -1-ից -3, վաղըցերեկը +8-ից +10։