ԲԴԽ օրակարգում ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարց չկա։ Այս մասին այսօր՝ մարտի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
«Կա ընդամենը մեկ հայց, որը դատավորներից մեկը ներկայացրել է վարչական դատարան ընդդեմ ԲԴԽ նախագահի, այսինքն՝ իմ դեմ, եւ խնդրում է դատարանից, որ դատարանն ինձ պարտավորեցնի, որ ես դադարեցնեմ Ջհանգիրյանի լիազորությունները, սպասում ենք դատական ակտին։ Ես ծանոթ եմ հայցադիմումին, այն նաեւ ներկայացվել է ԲԴԽ, բայց քանի որ պատասխանողը ես եմ, թույլ տվեք չպատասխանել հարցին, թե հայցադիմումը հիմնավո՞ր է, թե՞ ոչ»,– ասաց ԲԴԽ նախագահը։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԲԴԽ։ Նա իր դիմումի հիմքում դրել է ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանի՝ 65 տարին լրացած լինելու հանգամանքը, որը, դատավորի պնդմամբ, արգելվում է Դատական օրենսգրքով։
Այդ հարցի առնչությամբ Ջհանգիրյանն ասել էր, որ գիտնական-անդամների համար նման սահմանափակում օրենքը չի նախատեսում:











